Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է կիսահաղորդիչների համար սահմանված մաքսատուրքերի հետևանքների մասին

Չինաստանի իշխանությունները լուրջ նախազգուշացում են ուղարկել Միացյալ Նահանգներին՝ Վաշինգտոնի կողմից 2027 թվականին չինական կիսահաղորդիչների վրա մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի վերաբերյալ: Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Հե Յոնգցյանի խոսքով՝ Չինաստանը պաշտոնական ուղիներով զգուշացրել է Միացյալ Նահանգներին հետևանքների մասին:

«Չինաստանը հաշվի է առել համապատասխան հանգամանքները և լուրջ հայտարարություն է արել Միացյալ Նահանգներին՝ չին-ամերիկյան առևտրային և տնտեսական խորհրդակցությունների մեխանիզմի միջոցով», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Վաշինգտոնի ծրագրերը։

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը չի ընդունում 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ հոդվածով նախատեսված հետաքննության արդյունքները, որն ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս հակամիջոցներ ձեռնարկել առևտրաարդյունաբերական ոլորտում այլ երկրների բացասական գործողությունների դեպքում՝ կապված չինական կիսահաղորդիչների հետ և կտրականապես դեմ է դրա հետ կապված սակագների ներդրմանը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնի նման միակողմանի միջոցները խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները և խաթարում միջազգային տնտեսական կարգը, վնաս են հասցնում մատակարարման գլոբալ շղթաներին, ինչպես նաև ոտնահարում են ամերիկյան ձեռնարկությունների և սպառողների շահերը։

«Արդյունքում ԱՄՆ-ն վնաս է հասցնում թե՛ իրեն, թե՛ ուրիշներին։ Չինաստանը պնդում է, որ նրանք անհապաղ շտկեն իրենց սխալ մեթոդները և հրաժարվեն նշված միջոցներից», — ընդգծել է Հե Յունցյանը։

Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանը պատրաստ է լուծել նման խնդիրները փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա՝ ամերիկյան կողմի հետ իրավահավասար երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ «Եթե Միացյալ Նահանգները շարունակի վնաս հասցնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շահերին, մենք վճռականորեն կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ և ամուր կկանգնենք մեր օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության դիրքերում», — ամփոփել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ ամերիկյան կողմը նախատեսում է 2027 թվականի հունիսի 23-ից սակագներ սահմանել չինական այն կիսահաղորդիչների նկատմամբ, որոնք դեռևս չեն հարկվում մաքսատուրքերով։ Վաշինգտոնը մտադիր է հայտարարել դրույքաչափի մասին նշված ամսաթվից առնվազն 30 օր առաջ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031