ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»։
Հիշեցնենք, որ Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում զեկուցվել էր, որ պահուստային ֆոնդից 175 մլն 360 հազար դրամ է հատկացվելու, որպեսզի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը 1188 թվականին պատրաստված և քանդակված՝ եկեղեցու փայտյա դռան փեղկ է, ձեռք բերվի և Հայաստան տեղափոխվի:
«Մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր միայն 8 նման կտորի մասին [տեղեկություն], և փայտի փորագրության նմուշները բացառիկ են: Այս պարագայում խոսում ենք մի նմուշի մասին՝ այդ 8-ից մեկի, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում:
Բոլորովին վերջերս Արշիլ Գորկու մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով կլինի Հայաստանում. այդ աշխատանքի ժամանակ ենք նկատել այս փեղկը: Սա հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված փեղկ է՝ Բագրատունյաց շրջանին բնորոշ: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք վկայում են նրա տարիքի մասին: Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Նաև գործուղել էինք մասնագետ, որը տեղում համոզվել է, որ այն, ինչ ձեռք ենք բերում, բացառիկ նշանակություն ունի:
Նախատեսում ենք, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում»,- հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:






































