Հայաստանի թիվ մեկ խնդիրը եկեղեցականների ենթադրյալ երեխանե՞րն են. Արշակ Սրբազան

Ի՞նչ նկատի ունենք աշխարհիկ կյանք ասելով. մենք այսպես կամ այնպես, անկախ նրանից, որ հոգևորական ենք, ապրում ենք աշխարհում և մենք հարաբերություններ ունենք մարդկանց հետ, շփումներ ունենք տարբեր շրջանակների հետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում նշեց Արշակ Սրբազանը։

«Եթե մենք աշխարհիկ կյանք ասելով նկատի ունենք այնպիսի հարաբերությունները, որոնք ինտիմ կյանքին է վերաբերում դա բոլորովին այլ հարց է։ Քանի որ ընդհանրապես, անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող մեր իշխանությունների թեթև ձեռքով ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ես այդ բանավեճը, այդ խոսակցությունը գռեհիկ և անթույլատրելի եմ համարում։

Մենք մեզ մոտ ունենք խոստովանության գաղտնիության ինստիտուտ, իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ։ Ես հղում չեմ անում իրավաբանության որտեղ մենք հոգևորական ենք, բայց ինձ համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականը իրավունք չունի անձնական կյանքի։ Դա ընդամենը էլեմենտար անգրագիտություն է՝ անկախ նրանից դա ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը

Անգամ օրենքի մեջ կա, որ հոգևորականը ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից։ Դուք պատկերացնում եք ստեղծվի մի իր վիճակ, երբ որ մարդը ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ և սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։ Դրա համար հարցերի շրջանակ կա, որոնք անթափանցելի են, անձեռնմխելի են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ կաթողիկոսի դեպքում ևս կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ հարցադրումներ են արվում, Արշակ Սրբազանն ասաց. «Ես իրավունք չեմ վերապահի ինձ այդպիսի հարցադրումներին պատասխաններ տալ։ Իհարկե, դա որոշակի խնդիրներ հարուցում է, հանրային տիրույթում սկսում են այդ թեմաների շուրջ քննարկումներ, բայց ես կարծում եմ, մենք պետք է ոչ թե սպասարկենք այդպիսի արհեստական օրակարգերը, որոնք բերվել են մասնավոր տրամադրությամբ, այլ պետք է առողջ բանավեճ հարուցենք, հակադրենք դրան։

Հիմա այսօր Հայաստանի Հանրապետության, Հայաստանի թիվ մեկ խնդիրը եկեղեցականների ինտիմ հարաբերությունները և եկեղեցականների ենթադրյալ երեխանե՞րն են։ Եթե մենք այդ հարցերի սպառիչ պատասխանները ունենանք, մեր երկրի անվտանգությունը ավելի ամո՞ւր կդառնա, մեր սահմանները անձեռնմխելի՞ կդառնան, կվերանա հանրային պառակվածությո՞ւնը։ Իհարկե ոչ։ Ուղղակի ակնհայտ է, որ այս խնդիրները հրապարակ են բերում խորացնելու համար հանրային պառակտումը։

Առողջ բանավեճ իրականացնելու անկարողությունը այս մարդկանց մղել է այսպիսի կեղտոտ ու անթույլատրելի դաշտ»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031