Երկու տարի առաջ «Գազպրոմ» ընկերությունը թոշակառուների համար «խաղարկություն» էր կազմակերպում, որպես նոր տարվա նվեր. Մասնակցեցի, 50 հազար դրամ ուղարկեցի, բայց իրենց դուրը չեկավ, ասացին մինիմումը 500 դոլար պետք է ուղարկեք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19–ին, Գլխավոր դատախազության դիմաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց զեղծարարության զոհ դարձած թոշակառու Ռիտա Հովհաննիսյանը։
Թոշակառուն նշեց, որ որոշ ժամանակ անց զանգահարել են, ասել են, որ ինքը շահել է, իր գումարը 500–ից դարձել է 1300 դոլար, որը ստանալու համար որոշ գումար պետք է տա, որը նույնպես տվել է, որից հետո կրկին գումար են պահանջել։
«Տվեցի այնքան, որ դարձավ 1300 դոլար։ Ես ասացի, որ էլ չեմ կարող տալ, և չտվեցի։ Որոշ ժամանակ անց ինձ հետ կապնվեց մեկ այլ կազմակերպությունից և ասացին, որ կարող են օգնել այդ գումարը հետ ստանալ, այսքան գումար տվեք։ Տալու ժամանակ պատահական պարզվեց, որ զեղծարար են, երբ պահանջեցին միացնել բանկի հավելվածը, որ ուղարկեն գումարը, և կորցրած գումարս արդեն դարձել էր 19 մլն դրամ»,- ասաց Ռիտա Հովհաննիսյանը։
Հարցին՝ իր մտքով չի անցե՞լ, որ խարդախների հետ գործ ունի, թոշակառու կինը պատասխանեց. «Ամեն մարդ դիմացինին գնահատում է իր արշինով։ Քանի որ ես երբեք չէի մտածում, որ կարելի է էդ աստիճանի խաբել, ես հավատում էի, որ ոնց կարելի է այդքան խաբել»։
Նա հայտնեց, որ երկու տարի դիմում է գրել, ոչ մի բան չեն անում, նույնիսկ զեղծարարից պատահական զանգ է ստացել և հեռախոսը միացած ժամանակ պարզել է, որ նա գտնվում է «Երևան սիթի» սուպերմարկերտում, դիմել է դատախազություն, բայց երկու ամիս հետո նոր արձագանքել են։
«Կարելի է մի քիչ օպերատիվ աշխատել, ո՞նց կարելիէ այդքան անփույթ աշխատել։ Քիչ գումար չէ 192 հազար դոլար եմ կորցրել, ամեն ինչ վաճառել եմ իմ տանը՝ մեքենա, ավտոտնակ, ոսկեղեն, նույնիսկ տան սպասքն եմ վաճառել»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով որ բանկերում էլ վարկեր ունի, թոշակով չի կարողանում փակել, հիմա էլ ֆրանսիական մի կազմակերպության իրավաբան է կապի դուրս եկել խոստացել է, որ իրեն վերադարձնի գումարը։






































