Քննչական կոմիտեն փակել է դռները փաստաբանների դիմաց, որոնք այստեղ են շտապել քահանաների պաշտպանության գործում ներգրավվելու համար։
«Վերջին 20 տարում սա աննախադեպ իրավիճակ է, նման բան չի եղել, երբ մենք նույնիսկ ընդհանուր բաժին չենք կարողանում մուտք գործել ու ներգրավելու վերաբերյալ դիմում ներկայացնել»,-ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նա նշեց, որ քննչական խմբի ղեկավարը Նազելի Սարգսյանն է, նա էլ տեղյակ է, որ ՔԿ դիմաց գտնվող փաստաբանները ողջ կազմով պատրաստ են ներգրավել Մկրտիչ Սրբազանի ու անհրաժեշտության դեպում նաև այլ հոգևորականների շահերի պաշտպանության գործում։ Ֆարմանյանն ասաց՝ ունեն նման լիազորություն Մայր աթոռից։
«Տեղեկացանք, որ հոգևորականները հիմա վկայի կարգավիճակում են»,-ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ իրենք չեն տեսել Տեր Փառենին։
ՔԿ-ից փաստաբաններին խնդրել են դուրս գալ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրի մասին հարցադրումներից հետո, Ն. Սարգսյանն ասել է՝ երբ բերեն, կսկսենք քննչական գործողությունները, ներգրավման գործընթացում խոչընդոտներ չեն լինի։
«Բայց ինչպես տեսնում եք, առավել քան երկու ժամ մենք Մկրտիչ սրբազանի գտնվելու տեղի մասին տեղյակ չենք։ Մենք որոշեցինք, որ ես գնամ ՔԿ՝ ճշտելու նրա տեղը, քանի որ զանգում ես ընդհանուր բաժին, տեղյակ չեն, զանգում ես քաղաքացիների հետ հաղորդակցության բաժին, տեղյակ չեն։ Բոլորն իրենց բաժիններում, սենյակներում, գերատեսչություններում նստած են, աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում, բայց երբ տարրական հարց ես տալիս, թե որտեղ է ձերբակալվածը, էս պետությունում էլ ոչ մեկ ոչ մի բան չգիտի»,-ասաց փաստաբանը։
ի դեպ, դատելով ՔԿ-ում ոստիկանների ավելացող թվից՝ փաստաբանը կասկած հայտնեց, որ քիչ անց Արագածոտնի թեմի առաջնորդին այստեղ կբերեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։