ԱԳՆ ղեկավար. Մեր ռուս գործընկերները պետք է հարգեն հայ ժողովրդի կամքը

Մեր ռուս գործընկերները, եւ ցանկացած այլ երկիր կամ միջազգային ակտոր պետք է հարգեն հայ ժողովրդի կամքը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը լեհական TVP World-ի հարցազրույցում։

Լրագրող. Խոսելով ագրեսիվ հռետորաբանության մասին՝ թույլ տվեք հարցնել․

Ի՞նչ դեր է շարունակում խաղալ Ռուսաստանն այսօր։ Կարծում եմ՝ սա կարեւոր հարց է, այդպես չէ՞։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում աստիճանաբար թուլանում է։ Բայց արդյո՞ք այն դեռեւս որեւէ դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Թե՞ այն ​​այլեւս այնքան նշանակալի չէ, որքան, ասենք, 15 տարի առաջ էր։

Արարատ Միրզոյան․ Գիտե՞ք, պաշտոնական մակարդակով մենք լսեցինք բարձրաստիճան ռուս պաշտոնյաների ողջույնի խոսքերը խաղաղության հաստատման եւ Վաշինգտոնի հռչակագրի վերաբերյալ: Նույն պաշտոնական մակարդակով մենք նաեւ տեսանք բարձրաստիճան ռուս ներկայացուցիչների պատրաստակամությունը՝ աջակցելու այս նախագծին (TRIPP) եւ որոշակի չափով մասնակցելու դրան: Այնուամենայնիվ, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր մենք ականատես ենք լինում ռուսական լրատվամիջոցների, երբեմն՝ պետական, ինչպես նաեւ խորհրդարանի անդամների, փորձագետների եւ քաղաքական գործիչների կոշտ քննադատությանը՝ ուղղված Հայաստանի կառավարությանը եւ մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականությանը:

Լրագրող. Ինչո՞ւ։ Մի՞թե հաճելի չէ տեսնել, թե ինչպես է Հայաստանը զարգանում Արեւմուտքի հետ միասին եւ մոտենում Եվրոպային։

Արարատ Միրզոյան․ Գուցե տեղին կլինի այս հարցը տալ ձեր ռուս հյուրերին, եթե այդպիսիք կան։ Սակայն առանց մանրամասնելու, այս պատճառները կարող են լինել ե՛ւ պարզ, ե՛ւ բավական բարդ։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ ե՛ւ մեր ռուս գործընկերները, ե՛ւ ցանկացած այլ երկիր կամ միջազգային ակտոր պետք է հարգեն հայ ժողովրդի կամքը։

Հայաստանում պարբերաբար անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, որտեղ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսակետները կարեւոր հարցերի վերաբերյալ, եւ վերջնական որոշումը կայացնում են Հայաստանի քաղաքացիները։ Մեր քաղաքական ուժը՝ վարչապետի գլխավորությամբ, 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններում արժանացավ ընտրողների մեծամասնության վստահությանը, որոնք տեղի ունեցան երկրում լուրջ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում։ Այս տարի անցկացվել են նաեւ հասարակական կարծիքի մի շարք հարցումներ, իսկ խորհրդարանական ընտրությունները կրկին կանցկացվեն 2026թ․ հունիսին։ Կտեսնեք։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031