Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը «Պատերազմի նախարարություն» վերանվանելու վերաբերյալ, հաղորդում է Politico-ն։
Այս քայլը շփոթություն և վրդովմունք է առաջացրել Պենտագոնի աշխատակիցների շրջանում, որոնցից շատերը վախենում են գերատեսչության կառույցներում կնիքների, լոգոների, պաշտոնական փաստաթղթերի, համազգեստների և նույնիսկ հուշանվերների վերաձևավորման միլիարդավոր դոլարների ծախսերից։ Հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ վերանվանումը կազդի 40 երկրների և բոլոր 50 նահանգների ավելի քան 700,000 օբյեկտների վրա։
Նախկին և ներկա աշխատակիցները նշում են, որ որոշումը զուտ ներքաղաքական բնույթ ունի։ Այն չի ազդի Չինաստանի կամ Ռուսաստանի ռազմավարական հաշվարկների վրա, այլ, ընդհակառակը, կարող է օգտագործվել ԱՄՆ հակառակորդների կողմից՝ երկիրը որպես ռազմականացված տերություն ներկայացնելու համար։
Մասնագետները շեշտում են, որ միջազգային անվտանգության իրական սպառնալիքը պահանջում է ներդրումներ ռազմական ոլորտում, այլ ոչ թե անվանափոխություն։
Տեսականորեն, պաշտոնական անվանափոխությունը կպահանջի Կոնգրեսի հաստատումը, սակայն Սպիտակ տունը փնտրում է այդ գործընթացը շրջանցելու եղանակներ: Հրամանագրում նշվում է «Պատերազմի նախարարություն» անվանումը որպես երկրորդ տիտղոս օգտագործելու հնարավորությունը, ինչը թույլ կտա պաշտպանության նախարարին հայտնի լինել որպես «Պատերազմի նախարար» և աստիճանաբար իրականացնել փոփոխությունները գերատեսչության ներսում:
Պենտագոնն արդեն իսկ բախվում է սկզբնական բարդությունների. կայքի, սոցիալական ցանցերի էջերի և այլ հաղորդակցությունների վերաձևավորումը քաոս է առաջացրել, և աշխատակիցները մտահոգված են կնիքների և լոգոների փոփոխության հետ կապված «միլիոնավոր փոքր խնդիրներից և անհանգստություններից»։ Մտահոգությունները տարածվում են նաև կապալառուների, համալսարանների և Պաշտպանության նախարարության ֆինանսավորումից կախված ոչ առևտրային կազմակերպությունների վրա։
Հանրապետականները, ինչպիսիք են սենատորներ Ռիք Սքոթը և Մայք Լին, աջակցում են գաղափարին, սակայն մյուսները, այդ թվում՝ Միչ Մակքոնելը, քննադատում են այն՝ նշելով, որ վերանվանումը ոչինչ չի տա առանց ռազմական ուժի իրական ներդրումների
Դեմոկրատները մատնանշում են նախաձեռնության հեգնանքը, քանի որ Թրամփը հայտարարում է խաղաղության ձգտման մասին ՝ միաժամանակ ուշադրությունը շեղելով ընթացիկ ռազմական խնդիրներից և զորքերի պատրաստությունից: