Հնդկաստանը սպառնում է Պակիստանին կասեցնել Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը՝ ահաբեկչության պատճառով

Հնդկաստանը չի կատարի Ինդոսի ջրերի մասին համաձայնագրի պարտավորությունները, քանի դեռ չի համոզվել, որ Պակիստանի ահաբեկչությունն այլևս չի աջակցվում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը՝ ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում՝ «Սինդուր» գործողությանը նվիրված բանավեճերի ժամանակ։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ «Ինդոսի ջրերի մասին պայմանագրի իրականացումը կկասեցվի այնքան ժամանակ, մինչև Պակիստանը վերջնականապես հրաժարվի ահաբեկչության աջակցությունից»։ Նախարարի խոսքով՝ այս պայմանագիրը «ստորագրվել է բարեկամական դրդապատճառներով», սակայն 1960 թվականից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք խաթարել են այդ համաձայնագրի ոգին։

1960 թվականին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիր, որը նախատեսում է իրականացնել գետի ջրային ռեսուրսների բաշխումը։ Համաձայն այս համաձայնագրի Իսլամաբադը ստացել է վերահսկողություն բուն Ինդոսի և նրա վտակների՝ Չենաբի ու Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են հնդկական տարածքից։ Սակայն պայմանագրի համաձայն Հնդկաստանը կարող է օգտագործել դրանց ջուրը հարակից դաշտերի ոռոգման և մերձակա շրջանների բնակիչների կարիքների հոգալու համար։ Նյու Դելին ամբողջական վերահսկողություն է ստացել Բիաս Ռավի և Սաթլեջ գետերի նկատմամբ։ Նյու Դելին և Իսլամաբադը այս համաձայնագրի շրջանակներում պայմանավորվել են տվյալներ փոխանակել, ինչի համար ստեղծվել է Ինդոսի մշտական հանձնաժողովը։

Ապրիլի 22-ին Ջամմուում և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ինդոսի ջրերի մասին պայմանագրի անհապաղ կասեցման մասին: Պաշտոնական Նյու Դելին այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման մեջ միջսահմանային կապեր են հայտնաբերվել:

Մայիսի 7-ի գիշերը հնդկական ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը և հարվածներ հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին։ Պակիստանը հակահարված է հասցրել։ Մայիսի 10-ին երկու կողմերն էլ հայտարարել են լիակատար հրադադարի մասին։ Հնդիկ պաշտոնյաները հայտարարել են, որ «Սինդուր» գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031