«Ակադեմիական քաղաքում կունենանք ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված երեխաները, աշակերտները, որոնց տաղանդի հետագա զարգացման վրա լրացուցիչ ներդրումներ անելը կդիտվի անհրաժեշտություն»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ըստ էության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի և հետագա ռազմավարական շարունակության մասին մեր պատկերացումները ձևավորել ենք: Ուզում եմ հիշեցնել, որ մենք ասել ենք, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին վստահաբար պետք է հաջորդի 300 դպրոց, և մի հատ էլ հաջորդ՝ 300 դպրոց, իսկ մանկապարտեզների դեպքում՝ կախված պահանջարկից, կարիքից»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ ծրագրի շրջանակում կլինեն մանկապարտեզի տարիքի երեխաների փոքր թիվ ունեցող գյուղեր, որտեղ այս փուլում ոչ թե մանկապարտեզներ կկառուցվեն, այլ կմատուցվեն ծառայություններ՝ ըստ համապատասխան չափորոշիչների և կրթական ծրագրերի: Մանկապարտեզները կգործեն վարձված առանձնատներում: