«Արցախ է հանձնե՞լ, որ տանում եք». Մայր Աթոռում իրավիճակը լարված է. քաշքշոց ու հրմշտոց է սկսվել

Մայր Աթոռում իրավիճակը լարված է: Հրմշտոց է տեղի ունենում իրավապահների և հոգևորականների միջև: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնում է ներկայանալու իրավապահ մարմիններին, իսկ քահանայաց դասն առանձնանում է քննարկելու իրավիճակը։

Սակայն հավաքված քաղաքացիները շրջափակել են հոգեւորականներին և փորձում են թույլ չտալ, որ Շիրակի թեմի առաջնորդին ԱԱԾ–ականները տանեն։

«Ճշմարտություն ասելը մեղք չէ, Սրբազա՛ն, չպետք է գնալ», «Եթե սրբազանին պետք է տանեն, մենք էլ պետք է գնանք», «Միքայել Սրբազանը 5000 երեխու գլո՞ւխ է կերել, Արցա՞խ է հանձնել, որ տանում եք»,-գոչում էին քաղաքացիները։

«Մենք պահում ենք, Սրբազա՛ն, մի՛ գնացեք»,-հորդորեց քաղաքացիներից մեկը։

«Կգաքէնտեղ»,-պատասխանեց Սրբազանը։

Դրանից առաջ Միքայել Սրբազանը հայտարարել էր, որ ԱԱԾ–ականները եկել են իր հետեւից եւ ինքը կգնա նրանց հետ, չի թաքնվելու իր ընկերների հետեւում։

Նշենք, որ բազմաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներ քիչ առաջ մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարան։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30