Կալանքի որոշումը ստացել ենք գիշերը 3.30–ին, բողոքարկելու ենք այն. Բագրատ Սրբազանի պաշտպան

Անկեղծ ասած, ստույգ վիճակագրություն չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ բոլոր ձերբակալվածների վերաբերյալ կալանքի միջնորդություն է եղել, և որքանով հասկանում եմ, բոլորը կալանավորվել են բացառությամբ մեկի, որի վերաբերյալ որոշման հրապարակումը այսօր պետք է լինի։ Այս մասին նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Միանշանակ բողոքարկելու ենք, գիշերը ժամը 3.30 ենք ստացել գրավոր նյութը, դեռ չենք հասցրել ծանոթանալ և բողոքարկել։

Իսկզբանե երբ որ տեղյակ էինք, որ կալանքի միջնորդություն է ներկայացվելու, իրավաբանական համայնքի մեր կոլեգաները, և ակտիվ մեր ընկերները, բոլորը մտավախություն ունեին և կասկածում էին, որ կմակագրեն Մասիս Մելքոնյանին, ինչը և տեղի ունեցավ։ Երբ արդեն մակագրվել էր, մենք բոլորս էլ հասկացանք, թե ինչ ելք է ունենալու գործը։

Չնայած այն հանգամանքին, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք Մասիս Մելքոնյանին, պարզ է, ինքը մերժեց և բացարկի հիմքն այն էր, որ նախկին իր գործունեությամբ, իր քաղաքական դիրքորոշումներով պայմանավորված նա չի կարող անաչառ որոշում կայացնել։

Այլ բան չէ, սպասելի չէր, հույս ունենք, որ վերաքննիչ դատարանը ճիշտ և օբյեկտիվ որոշում կկայացվի և կփոխվի խափանման միջոցը, որովհետև իրականում փաստերը և հիմքերը, որ միջնորդության մեջ ներկայացվել էր, այն չէր, ինչը որ գնահատվեց Մասիս Մելքոնյանի կողմից։

Իրականում հիմք չկար և այդ ամբողջ գործը կարծում եմ շինծու է։ ժամանակը ցույց կտա»,–ասաց փաստաբանը։

Նշենք, որ երեկ ձերբակալվել էր 14 անձ, որոնցից 13–ը կալանավորվել են, մեկի որոշումը կկայացվի այսօր։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։

Իսկ նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30