Այսօր առավոտյան իսրայելական ուժերը կրկին ավիահարվածներ են հասցրել Թեհրանի տարբեր շրջաններին, հաղորդում է Tasnim-ը։
Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները, Իսրայելը նախկինում հայտարարել էր Թեհրանի 6-րդ և 7-րդ շրջանների բնակիչների տարհանման մասին։
Որոշ տեղեկությունների համաձայն, Թեհրանի հետ միաժամանակ հարձակումներ են տեղի ունեցել նաև երկրի որոշ հյուսիսային, հյուսիսարևմտյան և հարավային քաղաքներում։
Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել երկու իրանցի միջուկային գիտնականների դիտավորյալ սպանության մասին։
Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների ժամանակ Hermes անօդաչու թռչող սարքը հարձակման է ենթարկվել և խոցվել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Իր հերթին, Times of Israel-ը հաղորդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ այսօր առավոտյան Իրանից Իսրայելի վրա երկու համազարկով արձակվել է վեց հրթիռ։
Առաջին հարձակումը ներառել է երկու հրթիռ, իսկ երկրորդը՝ չորս։
Երկրորդ հարձակման ժամանակ Բեեր Շեբայում բնակելի շենք է խոցվել մեկ հրթիռ, գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իրանից բալիստիկ հրթիռների ևս մեկ արձակման մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Բեեր Շեբայում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ու Իսրայելը գրեթե միաժամանակ խնդրել են իրեն խաղաղություն։
Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի իր պատասխան գործողությունները, եթե Իսրայելի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ դադարի։