Հոնկոնգի ֆոնդային բորսան երկրորդ օրն անընդմեջ անկում է գրանցում Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։ Հոնկոնգի ֆոնդային բորսայի Hang Seng առանցքային ինդեքսը աճուրդների սկսվելուց հետո ընկել է 291,7 կետով (1,22 տոկոս նվազում)՝ հասնելով 23 688,51 կետի։
Hang Seng China Enterprises ինդեքսը, որն արտացոլում է մայրցամաքային Չինաստանի՝ Հոնկոնգում գնանշվող արժեթղթերի ընդհանուր արդյունավետությունը, նվազել է 1,22 տոկոսով (106,32 կետ)՝ հասնելով 8 588,35-ի։ Hang Seng Tech ինդեքսը, որն արտացոլում է 30 խոշոր տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գնանշումները, ընկել է 1,50 տոկոսով (մինուս 79,59 կետ)՝ հասնելով 5 212,26 կետի։
Ինչպես նշել են բորսայական բրոքերները, նվազումը Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների արձագանքն է։ Ներդրողները նախընտրում են ռիսկի չդիմել, քանի որ մտահոգված են, որ հակամարտությունը կարող է երկար տեւել եւ բացասաբար անդրադառնալ համաշխարհային շուկաների վրա։