The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան

The «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրելով «գաղտնի պայմանավորվածություններ եվրոպական դեղագործական ընկերությունների» հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։

Բայց հիմա արդեն հարկ ենք համարում պարզաբանել, որ ոչ վարչապետի, ոչ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան։ Հրապարակման մեջ նշված բնույթի որեւէ բանակցություն որեւէ ընկերության հետ տեղի չի ունեցել։

Հրապարակման մեջ նշված որեւէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա եւ չէր կարող գոյություն ունենալ։

Ակնհայտ է, որ ստահոդ այդ հրապարակման ի հայտ գալը կարող էր ունենալ երկու պատվիրատու․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առքուվաճառքի շուկայում օրինականություն եւ հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու Կառավարության ջանքերին հակազդելու համար։

Հնարավոր է՝ իրական են երկու տարբերակները միաժամանակ։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ միայն էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի դուրս գրման պարտադիր համակարգի ներդրումը ծայահեղ անհրաժեշտություն է, որպեսզի ցանկացած բուժառուի դուրս գրվող ցանկացած դեղ, նրա ներմուծողը, նշանակող բժիշկը, նշանակման հիմնավորվածությունը լինեն հետագծելի եւ անփոփոխելի։ Նման համակարգի գոյությունը եթե ոչ անհնար, ծայրահեղ դժվար կդարձնի դեղերի ապօրինի ներկրման եւ բուժառուներին չհիմնավորված նշանակումներ անելու ցանկացած հնարավորություն»,- գրում է Բաղդասարյանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031