Պակիստանը հայտնել է 24-36 ժամվա ընթացքում հարված հասցնելու Հնդկաստանի մտադրության մասին

Պակիստանը հավաստի տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել առաջիկա 24-36 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլա Թարարը X սոցցանցում։

Թարարի խոսքով՝ հարվածի համար պատրվակ կդառնան «անհիմն եւ շինծու մեղադրանքները», թե Պակիստանը հանցակից է Պահալգամի ահաբեկչությանը։

«Տարածաշրջանում որպես դատավոր, երդվյալ ատենակալ եւ դահիճ Հնդկաստանի հանդուգն դերը անխոհեմ է եւ լիովին անընդունելի: Պակիստանն ինքը դարձել է ահաբեկչության զոհ եւ շատ լավ հասկանում է, թե դա ինչ է: Մենք միշտ դատապարտել ենք ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով աշխարհի ցանկացած կետում»,- ասել է նախարարը:

Թարարը նշել է, որ Իսլամաբադն առաջարկել է միջադեպի հետաքննություն անցկացնել փորձագիտական ​​չեզոք հանձնաժողովի մասնակցությամբ։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, Հնդկաստանը «կարծես թե որոշել է բռնել իռացիոնալության եւ առճակատման վտանգավոր ուղին, որը աղետալի հետեւանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար եւ նրա սահմաններից դուրս»:

«Պակիստանը կրկին հայտարարում է, որ Հնդկաստանի ցանկացած նման ռազմական միջամտություն կարժանանա խիստ եւ վճռական պատասխանի»,- ընդգծել է Թարարը։

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ էսկալացիայի եւ դրա հետեւանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հնդկաստանը, ավելացրել է նախարարը։

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Պակիստանի կողմնակից Քաշմիրի դիմադրության խմբավորման զինյալները կրակ են բացել Բայսարան հովտում գտնվող զբոսաշրջիկների վրա: Մահացել է 26 մարդ։ Հնդկաստանի իշխանությունները պնդում են, որ ահաբեկչությանը մասնակից է եղել Պակիստանը։

Ապրիլի 24-ին Հնդկաստանի կառավարությունը հայտնել է Պակիստանի հետ 1960թ. Ինդուսի ջրերի մասին պայմանագրի դադարեցման մասին։ Այդ օրը երեկոյան երկու երկրների զորքերը կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով: Ապրիլի 28-ին Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆը հայտարարել է, որ առաջիկա երկու-չորս օրվա ընթացքում Հնդկաստանի հետ ռազմական բախման մեծ հավանականություն կա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031