Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ անկախ պետականության գաղափարական հիմքերին՝ վերլուծելով, թե ինչ նպատակի շուրջ է ձևավորվել Հայաստանի անկախության գործընթացը 1980-ականների վերջին։
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ նա նշեց, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության, այլ հանուն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման։
«Այսինքն՝ մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։ 1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը, և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը, անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Իհարկե, անկախության հռչակումից և ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ, բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մոդել, որը հիմնականում կամ առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ սա չի ասում որպես քննադատություն, այլ որպես իրողություն, որովհետև բոլորը կամ առնվազն մեծամասնությունը հաշտ են եղել այդ մոդելի և նպատակադրման հետ։
Նա նշեց, որ ինքն էլ լիարժեք կերպով հաշտ է եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես ՀՀ վարչապետ՝ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց առարկայորեն հասկացել է, որ եթե Հայաստանի համար անկախությունն ու պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի՝ հայկական կողմի պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է Հայաստանի անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա Հայաստանի պետականությանը վերջ դնելու համար։
Նրա խոսքով՝ այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին, եզրափակիչ փուլ է մտել 2020 թվականի սեպտեմբերին, իսկ գագաթնակետին է հասել 2021 թվականի մայիսին։
«Այդ նպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում, և այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր, ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- ասաց ՀՀ վարչապետը։