Ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ, այսօր հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմինը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցված փաստաթուղթը համարելով «ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում»։
Ընդգծելով, որ «նոր փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը»՝ ՀՅԴ գերագույն մարմինը նաև շեշտում է՝ «Հայաստանին ներկայացվող նոր նախապայմանները ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը»։
«Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին», — հայտարարում է Գերագույն մարմինը՝ շեշտելով, որ վճռական է Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում։
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Բաքուն պահանջում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, միջազգային ատյաններից հայցերի հետկանչում։
Ընդդիմադիր ՀՀԿ գործադիր մարմինն էլ երեկ տարածած հայտարարությունում «միակողմանի հակապետական զիջողականություն և կրկնակապիտուլյացիա» է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները։