2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում. Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի միջոցառմանը

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Մանուշյան…» Հայաստան-Ֆրանսիա համատեղ ներկայացումը՝ որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկ և ի նշանավորումն Մանուշյանական շաբաթվա։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դեսպաններ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության հնգամյա ծրագրում։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց ի վեր Հայաստանը եղել է շատ ակտիվ, այդ թվում՝ կազմակերպության խոշոր միջոցառումների հյուրընկալության և կազմակերպման հարցերում։ Տարբեր տարիներին Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի տարբեր հանձնաժողովների մի շարք նիստեր, նախարարական համաժողովը, ինչպես նաև 17-րդ գագաթաժողովը։ 2018-2022 թվականներին Հայաստանը հաջողությամբ իրականացրեց կազմակերպության քառամյա նախագահությունը։

Ֆրանկոֆոնիայի շուրջ համախմբումը մեծապես խթանում է հանդուրժողականությունը, կոտրում կարծրատիպերը և հարստացնում հասարակություններին բազմակարծությամբ, գաղափարներով և ավանդույթներով։ Նման նախաձեռնություններով մենք նպաստում ենք մարդկության համընդհանուր ներդաշնակությանը` հեշտացնելով փորձի, գիտելիքների ու հմտությունների փոխանակումը մեր երկրների սահմաններից դուրս»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է միլիոնավոր ֆրանսախոսների և հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը։

Այդ օրվա կապակցությամբ յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակ, որի ընթացքում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային և գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորմանն ու տարածմանը:
Այս տարի ևս Հայաստանի կրթամշակութային օջախներում կկազմակերպվեն ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ և ծրագրեր, որոնցից մեկն էլ «Մանուշյան․․․», ներկայացումն է, որը ցուցադրվելու է նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքի Տոբոգան թատրոնում՝ ֆրանսիացի դերասանների կատարմամբ:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի՝ 2024 թվականի փետրվարի սկզբին կայացրած որոշման համաձայն՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում: Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանկոֆոն գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը։
2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում անցկացվում է «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին։ Այն նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։

Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի ղեկավարության, Լիոնի քաղաքապետարանի և Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության աջակցությամբ և հովանու ներքո։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31