Պետք է արմատախիլ անել հանրությանը տարանջատելու արատավոր երևույթը․ Վալոդյա Գրիգորյան

Այսօրվանից մեկնարկում է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Պայքարում են չորս թեկնածու։ Tvnews.am-ի հարցազրույցը «Միասնություն» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող՝ Վալոդյա Գրիգորյանի հետ։

Tvnews.am-ի զրուցակիցն է Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, «Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցությունների միավորմամբ ձեւավորված մարտի 30-ին Փարաքար համայնքի արտահերթ ընտրություններին «Միասնություն» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող՝ Վալոդյա Գրիգորյանը։

Պարո՛ն Գրիգորյան, Փարաքար համայնքի նախորդ ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցությունն այն քաղաքական ուժն էր, որը ստացել էր ընտրողների ճնշող մեծամասնության վստահության քվեն։ Այդ ցուցակը Դուք էիք գլխավորում, սակայն խնդրահարույց իրավիճակներով պայմանավորված, Դուք չընտրվեցիք համայնքի ղեկավար։ Ըստ Ձեզ ինչպիսի՞ պայքար է սպասվում առաջիկա արտահերթ ընտրություններում։

-Կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ տեղյակ են, թե ինչպես հանգուցալուծվեց նախկին ընտրությունների ոդիսականը․ միանշանակ չարտահայտվեց ժողովրդի քաղաքական կամքը։ Մեր քաղաքական թիմը ստացել էր ընտրողների 49.4% -ի ձայնը։ Հաշվարկից հետո, չգիտես ինչու, այդ թիվը դարձավ 48.9%։ Դրանից հետո համայնքում անվստահության մթնոլորտ ձևավորվեց քաղաքային իշխանությունների նկատմամբ։ Իսկ այս տարիների ընթացքում գործող համայնքի ղեկավարությունը տարանջատել է ժողովրդին ըստ իրենց արտահայտած քաղաքական կամքի՝ դրդելով նրանց պահանջատեր լինել այն մարդուց, ում նրանք ձայն են տվել։ Արդյունքում, պատճառահետևանքային կապերն այնպես են խորացել, որ բազմաթիվ աշխատակիցների ազատել են աշխատանքից հենց իր նախընտրած թեկնածուին ձայն տալու պատճառով։ Նախադեպեր կան անգամ, որ ֆեյսբուքյան հրապարակումների հավանումները ևս եղել են աշխատանքից ազատելու հիմք նույնիսկ այն դեպքում, որ հավանումները կատարել է տվյալ աշխատակցի ազգականը։ Այս երևույթը մտահոգում է համայնքին և բացասական վերաբերմունք ձևավորում համայնքի ղեկավարության հանդեպ։ Պետք է նախևառաջ փոխել այս մտայնությունը շատ պարզ եղանակով։ Համայնքապետարան մուտք գործող յուրաքանչյուր բնակիչ պիտի ստանա իրեն հուզող խնդրի լուծումը․ սա է այն հիմնական առաջնահերթ քայլը, որն, ըստ իս, կարևորագույն գործոն է ոչ միայն համայնք-քաղաքային իշխանություն կապն ամրապնդելու, այլև իշխանության վերահսկողական գործառույթի դերն առավել շոշափելի ու վստահելի դարձնելու առումով։ Հաջորդ կարևոր քայլն այն է, որ վերջ է դրվելու հանրության տարբեր խմբերի միջև տարանջատման և այդ ճանապարհով նրանց համար արհեստական խնդիրներ ստեղծելու արատավոր երևույթին։ Ինձ համար հավասարության սկզբունքն առաջնային է, ուստի, ես ինձ չեմ սահմանափակում միայն իմ համախոհների հետ շփումներով, այլ ընդլայնելով շրջանակը՝ մշտապես գտնվում եմ համայնքի բոլոր բնակիչների կողքին՝ իրենց խնդիրներին լուծում տալու պատրաստակամությամբ։ Ինձ համար չկա փարաքարցի, մերձավանցի, արևշատցի, մուսալեռցի, ամեն ինչը լինելու է հավասարաչափ։ Եթե կա խնդիր, ապա բոլորի հարցերը լուծվելու է առաջնահերթության կարգով։ Ինչ վերաբերում է վարչական շրջանների համաչափ զարգացմանը, ապա պետք է նշեմ, որ ընթանալու ենք առաջ՝ ըստ խնդիրների առաջնահերթության։ Բազմաթիվ առաջարկներ են եղել, սակայն ես հրաժարվել եմ ամեն ինչից՝ չդավաճանելով իմ սկզբունքներին։

Պարոն Գրիգորյան, այս երեք տարիների ընթացքում շատ հաճախ չեն կայացել ավագանու նիստեր, հրատապ լուծում պահանջող բազում խնդիրներ մինչ օրս մնացել են չլուծված։ Քանի որ Դուք եղել եք ավագանու անդամ, խորությամբ տիրապետում եք բոլոր խնդիրներին։ Ինչպե՞ս եք գնահատում այս երեք տարվա համայնքային իշխանության գործունեությունը եւ ինչքանո՞վ է արդյունավետ եղել համայնքային գործունեությունը տարբեր օղակներում։

-Այս երեք տարիների աշխատանքը ես գնահատում եմ բացասական։ Բնակիչը մնացել է իր խնդրի հետ միայնակ։ Լավագույն դեպքում նրան ուղղորդել են իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալ այն թեկնածուից, ում նա ընտրել է։ Սա այն արհեստական խոչընդոտն է, որի մասին խոսեցի, և որը պետք է արմատախիլ անել համայնքային ղեկավարման տրամաբանությունից։ Առաջիկա ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո մենք ցույց կտանք մեր քաղաքական կամքն ու համայնքի խնդիրների հետևողական լուծման հանդեպ մեր սրտացավ վերաբերմունքը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը դաշինք է կազմել «Հաղթանակ» կուսակցության հետ եւ 2025 թվականի մարտի 30-ի Փարաքար համայնքի արտահերթ ընտրություններին Դուք մասնակցելու եք «Միասնություն» դաշինքով։ Ինչպե՞ս որոշեցիք այս անգամ «Միասնություն» դաշինքով մասնակցել ընտրություններին, ովքե՞ր են Ձեր ցուցակի մյուս անդամները։

-Մենք ընդլայնված կազմով ենք այս անգամ մասնակցում ընտրություններին, 61 հոգուց բաղկացած ցուցակով։ «Միասնություն» դաշինքի ձևավորման գաղափարը խորհրդանշական իմաստ ունի․ «Միասնություն» դաշինքի նպատակն ու գաղափարախոսությունը միտված է իր շուրջը համախմբել Փարաքար համայնքի բնակիչներին՝ միասնական ջանքերը ներդնել համայնքի համաչափ զարգացման գործում։ Ինչ վերաբերում է դաշինքում ներգրավված անձանց, ապա կարող եմ նշել, որ ունենք տարբեր մասնագիտություններ ունեցող թեկնածուներ, ովքեր պատրաստ են իրենց մտավոր և ֆիզիկական ներուժը ներդնել համայնքի զարգացման գործին։ Նրանք համախմբվել են Միասնություն գաղափարի շուրջ, ընդ որում, այդ համախմբվողների շարքերում են ոչ միայն դաշինքի անդամները, այլև համայնքի ներկայացուցիչները, որոնք մեծ պոտենցիալ ունեն խնդիրների լուծման իրենց ճանապարհային քարտեզը ներկայացնելու մասով։

Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում, որը ծառայելու է Ձեզ՝ որպես ուղենիշ Փարաքար համայնքի զարգացման գործում։

-Ընտրում ենք և պահանջում․ այս կարգախոսն ենք ընտրել։ Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարության կողմից որդեգրած քաղաքականությանը, ապա պետք է նշեմ հետևյալը․ միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել ցանկալի արդյունքի։ Ես պատրաստ եմ ընդունել բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են համայնքի առջև, և արժանապատվորեն կրել աշխատանքի ծանրությունն ու պատասխանատվությունը հանուն համայնքի զարգացման և հզորացման։ Իմ նպատակը համայնքի ժողովրդի հետ աշխատելն է, իրենց հոգսերով ապրելն է, իրենց խնդիրներին լուծում տալն է։

Խոսենք համայնքի ղեկավարման գործում հանրային մասնակցության մասին։ Այսօր նորագույն տեխնոլոգիաներն առաջնային գործիքներն են բոլոր ոլորտներում լավագույն արդյունքի հասնելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների դերը համայնքի ղեկավարման գործում։

-Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որը շատ խորքային դրված է մեր ծրագրում։ Համայնքի ղեկավարման շատ բարդ ու պատասխանատու գործում ներգրավելու ենք ոչ միայն երիտասարդների, այլև այնպիսի մասնագետների, որոնք իրենց մտավոր հմտություններն ի նպաստ կդնեն համայնքի խնդիրների լուծմանը։ Կրկին խոսելով իմ՝ որպես համայնքի ղեկավարի պարտականությունների մասին, կասեմ, որ շատ թափանցիկ եմ աշխատելու։ Իմ աշխատավարձն անգամ ուղղելու եմ համայնքի զարգացման ծրագրերը կյանքի կոչելուն։

Համայնքները զարգանում են նաեւ պետական սուբվենցիոն ծրագրերով։ Ինչպե՞ս եք գնահատում համայնք- կառավարություն համագործակցությունը։ Ի՞նչ ծրագրեր ունեք համայնքում ներդրումներ ներգրավելու ուղղութամբ։

-Կարծում եմ, որ եթե կա ժողովրդավարություն, կա ժողովրդի քվե, կա համայնքի ընտրված ղեկավար, ապա այդ կապը և տեսականորեն և գործնականում ամուր պետք է լինի։ Կարծում եմ, որ տարածքային կառավարման նախարարությունն էլ, մարզպետարանն էլ պետք է ականջալուր լինեն խնդիրներին, զարգանա համայնք-ղեկավարության միջև հաղորդակցությունը։ Այսպիսի ակտիվ ներգրավվածությունը դրական արդյունքների կհանգեցնի։ Առիթից օգտվելով՝ ես ուզում եմ դիմել համայնքի մեր սիրելի բնակիչներին և ասել, որ ես լինելու եմ բոլորի համայնքապետը։ Ինձ համար ոչ մի տարբերություն չկա, թե համայնքի բնակիչը ինչ գաղափար է կիսում, որ քաղաքական ուժին է սատարում կամ չի սատարում։ Հավասարությունն իմ առաջին սկզբունքն է լինելու։ Փարաքար խոշորացված համայնքի մեջ մտնում են ինը բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրի բնակիչը լինելու է իմ ամենօրյա ուշադրության ու հոգատարության ներքո։ Ներդրումների մասով կնշեմ, որ մենք սպորտային համալիրի կառուցման նախագծային փուլերում ենք, որը պետք է իրականացնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող մեր ընկերների աջակցությամբ։

Կներկայացնե՞ք Ձեր նախընտրական ծրագրի դրույթները, որոնք նախանշում են համայնքի ղեկավարման՝ դաշինքի տեսլականը։

-Մեր նախընտրական ծրագրում արտացոլված դրույթները կազմելիս աշխատել ենք առավելագույն կերպով առերեսվել համայնքի բոլոր ոլորտների խնդիրներին և համակողմանիորեն անդրադառնալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը։ Ըստ այդմ, համայնքի համաչափ զարգացման, բնակիչների բարեկեցիկ և հարմարավետ կյանքի հեռանկարները կյանքի կոչելու նպատակով մենք մեր առջև դրել ենք հետևյալ ծրագրերի հերթական իրականացման պատասխանատվությունը․

1.Մանկապարտեզների անվճար սպասարկում 2025թ․-ի սեպտեմբերի 1-ից

2. Բոլոր գյուղերը միավորող ներհամայնքային անվճար տրանսպորտի ներդրում 2026թ․-ից

3. Ներհամայնքային փողոցների բարեկարգում,ասֆալտապատում

4. Բոլոր թաղամասերում փողոցային լուսավորության համակարգի ներդրում

5. Խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում

6. Փարաքար, Թաիրով բնակավայրերում անցնող ջրանցքի բարեկարգում

7. Գերեզմանատների բարեկարգում

8. Շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում

9. Խաղահրապարակների և զբոսայգիների կառուցում, բարեկարգում

10. Սպորտային հրապարակների կառուցում, վերանորոգում

11. Մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում

12. Սպորտային և արվեստի դպրոցների վերանորոգում, կահավորում

13. Միջազգային չափանիշների սպորտային համալիրի կառուցում

14. Բժշկական ամբուլատորիաների վերանորոգում, կահավորում

15. Մշակութային կառույցների վերանորոգում

16. Հանրային բաց լողավազանի կառուցում

17. Երիտասարդների համար ժամանցի վայրերի կառուցում

18. Բնակիչների կադաստրային խնդիրների կարգավորում

Ինչպիսի՞ն եք տեսնում համայնքը մի քանի տարի անց եւ որո՞նք են լինելու այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա դուք մեծ ուշադրություն եք դարձնելու։

-Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, թե՛ մեր մտքում, թե՛ ապագայում իրականացնելու գործնական հնարավորություն տեսնելով։ Առաջնահերթություններից մեկն էլ այն է, որ պետք է ունենանք մաքուր համայնք, թե՛ բնապահպանական, թե՛ շրջակա միջավայրի հետ ազդեցության հետ կապված։

Ի՞նչ ուղերձ ունեք՝ ուղղված Ձեր համայնքի բնակիչներին։

-Իմ կոչն է համայնքի բնակիչներին՝ ակտիվ մասնակցել ընտրություններին։ Ինձ համար դա շատ կարևոր է, որպեսզի նրանք իրենց քվեով ցույց տան ակտիվությունը, ընտրեն ու պահանջեն։

Նախընտրական քարոզարշավը կավարտվի մարտի 28-ին։ Փարաքարում եւ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: Գյումրիում միմյանց հետ կմրցեն 9 քաղաքական ուժ, իսկ Փարաքարում 4 ուժեր: Նշենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ-ներ։

Հարցազրույցը՝ Ալվարդ Սեթյանի

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31