Մարտի 8-ի առավոտյան տեղի ունեցած 4.6 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են 45 հետցնցում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ տեղական ժամանակով 09:26-ին, ՀՀ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք գրանցված 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում՝ 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժից հետո արձանագրվել է 45 հետցնցում։ Ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,-գրել է նա։
Նրա խոսքով՝ հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր են թույլ և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում։