ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ 60 հազար քաղաքացու ստորագրություն:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ: Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել է, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն այս քառօրյայում չի ընդգրկվի:
«Մեր քննարկումը տևեց ավելի երկար։ Այսօր մինչև ժամը 12։00-ն կարող էինք վերջնական տեքստը ներկայացնել ԱԺ խորհրդին այս քառօրյայում ընդգրկելու համար։ Քանի որ մեր քննարկումը կես ժամից մի քիչ ավելի տևեց, սահմանված ժամկետն անցավ, նախընտրեցինք շարունակել քննարկումները առաջիկա օրերին։ Բովանդակային որևէ խնդիր չկա։
Կառավարությունն առաջարկել էր՝ հոդվածների համարներ ավելացնել, ուժի մեջ մտնելու որոշակի ժամկետ սահմանել, նախաբանը հանել։
Բուն տեքստի վերաբերյալ քննարկում չի եղել, եղել է այս երեք կետերի շուրջ»,- մանրամասնել է Եղոյանը։