Եվ այդ մարդն այսօր հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եւ ապօրինի ծագումով գույք է բռնագանձում. Վարդազարյանը դեպք պատմեց

Դատավորների բարեվարքության ստուգումը իրականացվում է սիրողական մակարդակով: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, «ՀՀ կառավարության գործունեության լեգիտիմությունը» թեմայով քնարկման ժամանակ նշեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Գույքային իրավիճակն են ստուգում եւ ասում են՝ այսքան աշխատավարձով այս մարդն այսքան գույք չէր կարող ունենալ ու դրանով սահմանափակվում են: Ընդ որում, այդ տեղեկությունը գաղտնի է պահվում, դատավորին չեն տալիս այդ տեղեկությունը, մեկ էլ պարզվում է՝ վարույթ է հարուցվել եւ դրա շրջանակներում դատավորը պետք է պատասխանի այդ հարցերին: Դա կիսալուծում է, որովհետեւ հստակ չափանիշներ պետք է լինեն, որ սա բարեվարք է, սա բարեվարք չի:

Կամ դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգումը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խորացված ստուգում է կատարում, եզրակցություն է տալիս, որ չի համապատասխանում բարեվարքության կանոններին եւ այն մարմինը, որը պետք է ստուգի այդ տեղեկությունները, իսկ դա ԲԴԽ-ն է, ուղղակի թուղթը դնում է մի կողմ, քվեարկում է, անցկացնում է, եւ ՀՀ նախագահն էլ հրամանագիրը ստորագրում է եւ մարդը դառնում է դատավոր»,-ասաց Վարդազարյանը:

Նա եւ մի օրինակ բերեց. «Մի երիտասարդի հարցնում են՝ 26 տարեկան ես, քեզ 8 անշարժ գույք որտեղի՞ց: Ասում է՝ հայրս եւ հորեղբայրս խնդիր ունեին հարկայինի հետ, իմ անունով սարքեցին: Արդյունքում ԲԴԽ-ն միաձայն քվեարկում է, որ այդտեղ բարեվարքության կանոնի խախտում չկա, ՀՀ նախագահն էլ ստորագրում է հրամանագիրը եւ այդ մարդն այսօր դատավոր է: Ընդ որում հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եւ ապօրինի ծագումով գույք է բռնագանձում քաղաքացիներից»,-ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31