Կրիպտոարժույթի ոլորտի կարգավորումը չի լինելու կատարյալ, բայց սա կարևոր քայլ է. Նիկոլ Փաշինյան

Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր, որոնք մեծամասամբ կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության և կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կիրառելու վտանգների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծին:

Նախարարը զեկուցեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նրա խոսքով կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունական աճը կարող է ստեղծել նաև ֆինանսական կայունության ռիսկեր:

«Նշված ռիսկերին պատշաճ չարձագանքելը նույնպես բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Մասնավորապես, հաճախորդների շահերի անբավարար պաշտպանվածությունը թույլ չի տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ և նրանց հասանելի դարձնել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակցել տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորմանը նոր թողարկված կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելով, իսկ ՓԼ/ԱՖ և այլ ռիսկերը սահմանափակում են կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի պատշաճ ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի հիմնական նպատակներն են Հայաստանի կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, կրիպտոակտիվների շուկայի արդար և թափանցիկ գործունեության ապահովումը և կրիպտոակտիվների շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:

Հովհաննիսյանն ասաց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ԿԲ-ն հնարավորություն կունենա ստանալու տեղեկատվություն՝ ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ, պատշաճ կերպով կարձագանքի փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը ու այլ ռիսկերին։

Սա կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու մեր առաջին փորձն է՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս կարգավորումը չի լինելու կատարյալ, և մենք այսքան տարի այս կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով՝ բա որ կարգավորումը չլինի կատարյալ, փորձել ենք մի քիչ էլ դառնա կատարյալ: Էլի չի դարձել կատարյալ ու չի դառնալու կատարյալ, բայց մենք պետք է մտնենք՝ ոլորտը կարգավորելու»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին:

«Այո՛, կլինեն քննադատություններ, որ այս նախագիծը, օրենքը կատարյալ չէ, բայց այս նախագծի գոյությունն ավելի կատարյալ է, քան դրա բացակայությունը: Հետևաբար սա շատ կարևոր քայլ է, որը պետք է համարձակորեն և վճռական կերպով անել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները,- ասաց վարչապետը և ընդգծեց.- պետք է արձանագրել, որ ուշացել ենք, բայց լավ է ուշ, քան երբեք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձագանքեց՝ պետք է գնալ այս քայլին, քանի որ սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն և՛ ֆիսկալ համակարգի համար, և՛ արժութային կարգավորման, և՛ վճարահաշվարկային համակարգի համար: Ապա կարծիք հայտնեց, որ մեկնարկը ճիշտ է, պետք է իրավիճակը մոնիթորինգի տակ պահել և ըստ խնդիրների՝ լրացումներով ու լավարկումներով ունենալ այնպիսի կարգավորում, որը որևէ կերպ չի խոչընդոտելու ոլորտի զարգացումը, բայց նաև չի վնասելու մեր գործող կարգավորումների և համակարգերի աշխատանքը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728