Ռուսական կողմը Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ չի դիտարկում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կատար կատարած այցի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Մոսկվային այս մասին ոչ ոք չի հարցրել, և արևմտյան ներկայացուցիչների հայտարարություններն այս հարցում ուղղված են հակամարտությունը թեժացնելուն, իսկ Մակրոնի հայտարարությունները «դերասանություն» են:
«Մենք չենք կարող որևէ տարբերակ դիտարկել: Ես չգիտեմ, թե ինչ է ասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման մասին, նա այնքան էլ համոզիչ չի խաղացել իր դերը Վաշինգտոնում, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ այս թեման բարձրացրեց մամուլի ասուլիսում, ինչպես կարդացի, ասաց, որ խաղաղապահ ուժեր տեղակայելու որոշումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ: Առաջին հերթին Ֆրանսիան, ինչպես նաև բրիտանացիները, կրկին նպատակ ունեն ավելի թեժացնել հակամարտությունը և դադարեցնել այն հանդարտեցնելու ցանկացած փորձ»,- ընդգծել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Մակրոնի մոտեցումը ենթադրում է անհապաղ զինադադար և խաղաղապահ ուժերի ներդրում, այնուհետև տարածքների, մարդկանց ճակատագրի և կարգավորման այլ սկզբունքների շուրջ քննարկումներ։
«Սա խաբեություն է, չի կարելի գնալ համաձայնության, որն ուղղված է մեկ նպատակի հասնելուն՝ նորից զենքով լի Ուկրաինան մղելուն»։
Հիշեցնենք՝ Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարը կարող է ձեռք բերվել «առաջիկա շաբաթների ընթացքում»:
Ըստ նրա՝ հրադադարին պետք է հաջորդեն բանակցությունները երկարաժամկետ խաղաղության շուրջ։ Եվրոպան, Մակրոնի հավաստմամբ, պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ այնտեղ խաղաղապահ զորակազմ ուղարկելը։
Զինադադարի ընթացքում, ըստ նրա, հնարավոր կլինի բանակցել երկարաժամկետ խաղաղության, անվտանգության երաշխիքների, տարածքի և Ուկրաինայի վերականգնման շուրջ։ ԱՄՆ-ը կկարողանա հազվագյուտ հողային մետաղների մասին համաձայնագիր կնքել, որը, Մակրոնի կարծիքով, լավագույն երաշխիքն է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր չպետք է «լինի Ուկրաինայի կապիտուլյացիա», այն պետք է ապահովվի անվտանգության երաշխիքներով։