ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:
Զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ: Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային արդարադատության, փաստահավաք մարմնի ստեղծման, դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ և այլն: Մասնավորապես՝ գործարկվել է Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման հարթակը, քրեակատարողական էլեկտրոնային համակարգը, քրեական դատավարության էլեկտրոնային համակարգը, իրականացվել է նոտարական գործունեության թվայնացման ծրագիրը, քննարկման է ներկայացվել նախագիծ, որով ստեղծվելու է Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով խորհրդատվական հանձնաժողով և այլն:
Առաջիկա անելիքների մասով նշվել է, որ կվերանայվի դատավորների գնահատման համակարգը, և գնահատման արդյունքները որոշիչ դեր կունենան դատավորների տեղափոխման, առաջխաղացման, պարգևատրման դեպքերում, կսահմանվեն Վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածուների առաջադրման մրցութային ընթացակարգեր և այլն:
Քրեաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում ներդրվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, սահմանվել է պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման միասնական կարգը:
Վարչական դատավարության օրենսդրության բարեփոխման շրջանակում Ազգային ժողովն ընդունել է Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվել են ծանուցումների, արագացված դատաքննության ավելի մանրամասն կարգավորումներ, լուծվել են գործնական մի շարք խնդիրներ: Սնանկության ոլորտի բարեփոխումների շրջանակում մշակվել է սնանկության օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որով նախատեսվում է մշակել Սնանկության օրենսգիրք և համախմբել նյութական ու վարութային բոլոր նորմերը: Հաշտարարության գործունեության ապահովման ուղղությամբ անցում է կատարվել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությանը, աջակցություն է ցուցաբերվել հաշտարարների ԻԿԿ կայացմանը, վերանայվել է պարտադիր անվճար հաշտարարության սակագների ու փոխհատուցման կարգը:
Մանրամասներ են ներկայացվել նաև իրավաբանական օգնության, հարկադիր կատարման ոլորտների բարեփոխումների վերաբերյալ:
Զեկույցից հետո ծավալվել է քննարկում դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում իրականացվող միջոցառումների առանձին կետերի շուրջ:
Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումները պետք է իրականացվեն անհաջող փորձերի հետևանքով ձեռք բերված գիտելիքներով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որոնց իմաստն ու նպատակը կլինի ուսումնասիրել անհաջողությունների պատմությունները և դրանք դարձնել ուղեցույց, գիտելիք, թե որ դեպքում ինչ է տեղի ունեցել և ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա: Հաջորդիվ՝ վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրներին ու կարևորել այս ուղղությամբ նոր կարգավորումների միջոցով համալիր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: