«Զանգեզուրի միջանցք», ՀՀ Սահմանադրություն»․ Բաքուն նշում է խաղաղության համաձայնագրի երկու չհամաձայնեցված կետերը

«Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»,- ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Նախօրեին Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չբացառեց, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը, թեև Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի հարցը քննելիս արձանագրել էր՝ Մայր օրենքի նախաբանն անփոփոխելի է:

Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Բաքուն սա մեկնաբանում է որպես տարածքային նկրտում Ադրբեջանի նկատմամբ և պահանջում փոխել այն: Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու մասին՝ նշելով, որ նախորդները լեգիտիմության պակաս ունեն:

Ասկերովը նաև ասել է, որ Բաքուն «ուզում է պայմանագիր կնքել հայկական պետության հետ, ոչ թե վարչապետի»։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը բարձրացրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը՝ ընդգծելով, որ «Մինսկի խումբը շահագրգռված է երկարաձգելու հակամարտությունը»։

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում էր, այդ խումբը կարող է լուծարվել միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն այս տարվա հունվարի սկզբին Փաշինյանը Բաքվին առաջարկեց լուծարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինը՝ չհստակեցնելով՝ հնարավո՞ր է լուծարմանը համաձայնեն մինչ պայմանագրի ստորագրումը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728