Բաքուն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված ագրեսիվ վերաբերմունք ունի, 16 գերի ունենք այնտեղ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, 16-ն է, որոնք դեռևս չեն դատապարտվել, իսկ նրանց քրեական գործերն ինչ-որ ընթացքում են»,-նշեց Արտակ Բեգլարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Բաքվում անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատական գործը՝ Բեգլարյանը նկատեց, որ Վարդանյանի նկատմամբ Բաքվում առկա է հստակ թիրախավորված և «հատուկ» վերաբերմունք։

«Քանի որ հատուկ հայտարարություն է եղել Ռուբեն Վարդանյանի մասով, և տարբեր միջազգային կառույցների կողմից, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ուշադրություն կա, այս տեսանկյունից, կարծես թե, ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Այդ վերաբերմունքն, իհարկե, առկա է բոլոր քաղաքական ղեկավարների հանդեպ, բայց այն առավել արտահայտված է Վարդանյանի դեպքում՝ հաշվի առնելով, որ վերջինիս իրավաբանական թիմը և ընտանիքն ավելի հանրայնորեն են պայքարում և ավելի ագրեսիվ են պայքարում այդ քրեական գործերի դեմ»,-նշեց Բեգլարյանը։

Վերջինս վստահություն հայտնեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են, որոնք հիմնականում ներառում են ահաբեկչության կազմակերպման, ֆինանսավորում և այլ մտացածին մեղադրանքներ։

«Արցախի ժողովրդի պայքարը հնարավոր չէ որևէ կերպ տեղավորել ահաբեկչության մեջ, որովհետև մենք ռազմական առումով ինքնապաշտպանվել ենք, իսկ մնացածն ամբողջապես եղել է քաղաքական պայքար, որի դեմքերից և առաջնորդներից են եղել հենց այն նախկին պաշտոնյաները, որոնք ներկայում գտնվում են Բաքվի բանտում»,-ընդգծեց ԼՂ-ի նախկին պետնախարար, ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այլախոհության շարունակական ճնշման աննախադեպ սրման շրջանակներում Ադրբեջանի դատախազությունը շուրջ 45 պոտենցիալ մեղադրանքի նոր հսկայական ցուցակ է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ, որի հետևանքով վերջինիս ցմահ ազատազրկում է սպասում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031