Գործարկվել է transport.yerevan.am կայքը։
Այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին։
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ ներառվա՞ծ եք արտոնյալ խմբում»,- ասել է նա։
Ավինյանը նկատել է՝ transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է․ «Սա մի հարթակ է, որտեղ երևանցիները ունենալու են անձնական գրասենյակ, բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի միջավայրում, մի օգտահաշվով, և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ օգտահաշիվներ։ Այն, ինչ իրականացնում է բազմաթիվ զարգացած քաղաքներում»։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, որ transport.yerevan.am-ում գործիքակազմն ընդլայնվելու է. «Հնարավորություն է լինելու ձեռք բերել տոմսեր՝ կցելով բանկային քարտին որպես կրիչ»։
Տիգրան Ավինյանը արձագանքելով հավելել է, որ հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. «Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս տրանսֆորմացիան ապահովենք՝ հին մոդելից անցնելով նոր մոդելի»։