Երեկ երեկոյան Մագդեբուրգում վարձակալած մեքենայի վարորդը մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։ Առայժմ պաշտոնապես հաստատվել է երկու մարդու՝ մեծահասակի և երեխայի մահը։ Եվս տասնյակ մարդիկ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։
Կասկածյալին բերման են ենթարկել հանցագործության վայրից։ Ըստ BILD-ի՝ մեքենան վարել է 50-ամյա Թալեբ Ա-ն, որը ծնվել է Սաուդյան Արաբիայում, 2006 թվականից ապրել է Գերմանիայում և որպես հոգեբույժ աշխատել Մագդեբուրգի մերձակայքում գտնվող Բերնբուրգ քաղաքում։ Նրա բնակարանն արդեն խուզարկվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, մինչ այժմ ոչ մի ապացույց չկա, որ Թալեբ Ա.-ն կապ ունի իսլամիստական խմբավորումների հետ։
Թալեբ Ա.-ն անցյալում եղել է իսլամի բացահայտ քննադատը: 2019 թվականին Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում նա իրեն անվանել է «պատմության մեջ իսլամի ամենաագրեսիվ քննադատը» և հայտարարել, որ հեռացել է Սաուդյան Արաբիայից սպառնալիքների պատճառով։ Նա նաև համարվում է Գերմանիայում ապաստան փնտրող սաուդցի կանանց օգնելու հարթակի հիմնադիրը:
Միևնույն ժամանակ, իր սոցիալական ցանցերում Թալեբ Ա.-ն պարբերաբար տարածում էր տարբեր տեսակի դավադրության տեսություններ, մասնավորապես, նա պնդում էր, որ «Գերմանիան ցանկանում է իսլամացնել Եվրոպան»։
Սաքսոնիա-Անհալթի վարչապետ Ռայներ Հասելոֆը միջադեպն անվանել է «սարսափելի արարք»։ Թեև որոշ պաշտոնյաներ կատարվածը որակել են որպես ահաբեկչություն, հարձակման ստույգ շարժառիթը դեռևս պարզ չէ: