ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի հարցով կխոսի թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Մենք փորձում ենք կանգնեցնել այս սարսափելի, սարսափելի պատերազմը։ Որոշ փոքր առաջընթաց կա», — երկուշաբթի օրը հայտարարել է Թրամփը` Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որն առաջինն էր նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթելուց հետո։
ԱՄՆ նորընտիր նախագահն ընդծել է, թե կորուստներն ապշեցուցիչ են՝ առանց թվեր ներկայացնելու, իսկ ճակատում իրավիճակը, Թրամփի խոսքով, «շատ ավելի վատ է», քան կարելի է պատկերացնել։
Թրամփն ասել է, որ Զելենսկին պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել։
ԱՄՆ ընտրված նախագահը խուսափել է պատասխանել հարցին, թե խաղաղության հասնելու համար աջակցո՞ւմ է Ուկրաինայի տարածքային զիջումներին, սակայն ընդգծել է՝ ուկրաինական տարածքները, որտեղ մարտեր են ընթանում, այնքան ավերված են, որ դրանց վերականգնման համար «հարյուր տարի» կպահանջվի։
Թրամփը Զելենսկու հետ վերջին անգամ հանդիպել է դեկտեմբերի 7-ին Փարիզում։ Այս հանդիպումից հետո նա Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել։ Ապա տեղեկություններ եղան, թե Թրամփը խոսել է նաև Պուտինի հետ։ Ո՛չ Կրեմլը, ո՛չ Թրամփը չեն հաստատել կամ ուղիղ հերքել այդ տեղեկությունները։
Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։