Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ

Նոյեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Շինարարների միության 5-րդ համագումարը, որը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով։ Այնուհետև Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին միության գործունեության և իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ։ Ելույթներ ունեցան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահները, գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք։

Այնուհետև Շինարարների միության 5-րդ համագումարը հաստատեց նոր կանոնադրության նախագիծը, տեղի ունեցավ նաև խորհրդի նոր կազմի ընտրություն։

Ձևավորված խորհուրդը Հայաստանի շինարարների միության նոր նախագահ է ընտրել «Միկմետալ» ՓԲ ընկերության տնօրեն Վահան Հարությունյանին։ Վահան Հարությունյանը 2009 թվականից մինչ օրս ՀՀ Շինարարների միության խորհրդի անդամ է, իսկ 2014 թ.-ից՝ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Նորընտիր նախագահը ելույթում նշեց. «Շնորհակալություն վստահության համար։ Ինձ համար պատիվ և պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Շինարարների միության նախագահությունը։ Շինարարների միությունը հասարակական կառույց է և կապող օղակ շինարարների և պետական ատյանների միջև, որի գործունեությունն ուղղված է հայրենի երկրի կառուցմանը ու շենացմանը։ Պարոն Գալստյանը մեծածավալ աշխատանք է կատարել և բարձր նշաձող է թողել ինձ համար»,-նշեց Վահան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում շինարարությունը բում է ապրում, սակայն ոլորտի առջև կան ծառացած մի շարք խնդիրներ և մարտահրավերներ։ Հայաստանի Շինարարների միության նորանշանակ նախագահը վստահեցրեց, որ առաջիկա նիստի ընթացքում կգույքագրեն ոլորտային խնդիրները և կկազմեն գործողությունների ծրագիր՝ շինարարության ոլորտի բարեփոխման նպատակով։

Իր ելույթի խոսքում Վահան Հարությունյանը հայտարարեց, որ նորընտիր խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Շինարարների միության կանոնադրությամբ, որոշում է կայացրել նախկին նախագահ Գագիկ Գալստյանին շնորհել Հայաստանի Շինարարների միության պատվավոր նախագահի կոչում և պարգևատրել Շինարարների միության ոսկե մեդալով։

Վահան Հարությունյանը հավելեց՝ Գագիգ Գալստյանը մեծ ներդրում ունի Հայաստանում շինարարության ոլորտի մասնագետներին համախմբելու, գործընկերային կապերի ամրապնդման, պետական կառույցների հետ մշտական կապի պահպանման և համագործակցության և առհասարակ շինարարության ոլորտի զարգացման կարևոր գործում։

Հայաստանի շինարարների միության նախկին նախագահ Գագիկ Գալստյանը նշեց. «Արդեն երեք անգամ Միության խորհուրդ է ձևավորվել, արմատական պահելով գործող ընեկերությունների ներկայությունը՝ միշտ ընդգրկել ենք նորերին։ Արդեն պահն էր հասունացել երիտասարդացնել խորհդրի կազմն ու ղեկավարումը փոխանցել ավելի երիտասարդ, ավելի ներուժով, ունակ ու գործունյա ղեկավարի»։

Նշենք, որ ոլորտում նշանակալի ավանդի համար Վահան Հարությունյանը պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով և պարգևներով, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագրով (2009 թ), ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010 թ.), Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կողմից «Փառք շինարարին» ոսկե մեդալով (2011), ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով (2015 թ) և այլն։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031