Ուսուցիչները հաճախ չեն տիրապետում անհրաժեշտ մասնագիտական հմտություններին․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 11-ին կազմակերպվել են խորհրդարանական լսումներ:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանությանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ կրթության ոլորտում ծրագրերն ու քաղաքականությունն իրականացվում են կրթության ռազմավարության հիման վրա, որով պլանավորված են մինչև 2030 թվականի գործողություններն ու անելիքները: Դրանք հիմնված են երեք հիմնական սկզբունքների վրա` ապահովել ներառական որակյալ և հասանելի կրթություն, բարձրացնել կրթության և համակարգի գործունեության արդյունավետությունը:

«Այս սկզբունքների վրա հիմնվելով՝ կրթական բոլոր մակարդակներում իրականացվում են գործընթացներ, որոնք ուղղակիորեն առնչվում են երեխայի պաշտպանության հետ»,- նշել է զեկուցողը` մանրամասնելով ծրագրերը:

Փոխնախարարը պատասխանել է լսումների մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են արտերկրում կրթություն ստանալու` հայաստանցի երեխաների ցանկությանը, ԼՂ-ից տեղահանված երեխաների և ուսանողների կրթության իրավունքին ԼՂ-ում, քաղաքական գործընթացներին երեխաների մասնակցությանը, ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների իրավունքներին և այլն:

«ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեին այլընտրանքային զեկույց է ներկայացրել նաև ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդը: Երեխաներն ինձ հետ մեկնել են Ժնև և իրենց տեսանկյունից ներկայացրել Հայաստանում առկա խնդիրները, ինչը չափազանց կարևոր հանգամանք եմ համարում»,- այս մասին հատուկ ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

ՄԻՊ-ն անդրադարձել է երեխաների իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների, որոնք ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակում: Դրանց շարքում են երեխաների նկատմամբ բռնության խնդիրները, առաջին հերթին դրանց հասցեավորման, բռնությունը կանխարգելելու և երեխայի նկատմամբ բռնության դեպքերը պատշաճ քննելու հետ կապված հարցերը: Նրա գնահատմամբ՝ իրավասու պետական մարմինները, հատկապես դասավանդման գործընթացում ներգրավված անձինք բռնության դեպքերը կանխարգելելու և խնդիրները հասցեավորելու տեսանկյունից պետք է ունենան բավարար հմտություններ:

«Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ուսուցիչները հաճախ չեն տիրապետում անհրաժեշտ մասնագիտական հմտություններին, որոնք պահանջվում են այս երևույթները կանխարգելելու համար»,- արձանագրել է Անահիտ Մանասյանը:

Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանը մատնանշել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության խնդիրը, նախադպրոցական իրավունքի երաշխավորման, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման գործընթացում ավելի հստակ մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովումը: Ըստ նրա` հատուկ ուշադրության պետք է արժանանան տնային կալանքի տակ գտնվող երեխաների կրթության իրացման, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման և այլընտրանքային խնամքի կազմակերպման հետ կապված խնդիրները:

Անահիտ Մանասյանը մատնանշել է համապատասխան մարմինների, հատկապես` խնամակալության և հոգաբարձության մարմինների ոչ պատշաճ հմտությունների պատճառով երեխաների պաշտպանության գործառույթը ոչ պատշաճ իրականացնելու հանգամանքը: Նրա խոսքով՝ համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի:

«Շեշտեմ, որ երեխաներն իրականում շատ հաճախ մեզ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են: Հետևաբար կարևոր կլինի, որ մենք, իրոք, կարողանանք ոչ միայն համատեղել մեր ջանքերը, այլ նաև կարևոր կլինի, որ յուրաքանչյուրս ունենանք օրինակելի վարքագիծ, ինչը կարող է հետագայում դրական առումով օրինակելի դառնալ նաև երեխաների համար»,- ամփոփելով խոսքը` նշել է Անահիտ Մանասյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031