Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը․
«Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է, իսկ մեղադրանքը իբրև իշխանությունը բռնությամբ զավթելու կոչն է:
2025 թվականի օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը, առանց որևէ իրավաչափ պատճառաբանության կամ պայմանի, երկարաձգեց ապօրինի կալանքի ժամկետը ևս երկու ամսով` որպես հիմք փաստացի դիտարկելով քննչականի կողմից այդ նույն իբրև կոչի մեղադրանքով ակտիվ գործողությունների խոստումը:
Միաժամանակ արձանագրվել էր մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազության և փաստաբանական խմբի կողմից ներկայացված բողոքները մերժեց: Այսինքն՝ վերստին հաստատվեց և ամրապնդվեց փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքը, սակայն, կրկին կոպտորեն խախտելով անձի անձնական ազատության անձեռնմխելիությունը, չվերացվեց կիրառված ապօրինի կալանքը:
Այսինքն՝ հունիսի 17-ի Մայր Աթոռը պաշտպանող և իշխանությունների կողմից սահմանադրական և օրենսդրական երաշխիքները կոպտորեն ոտնահարող վարքագիծը քննադատող խոսքը, որն ամբողջությամբ պաշտպանված է խոսքի ազատության երաշխիքներով, միակ պատճառն է, որ Սամվել Կարապետյանն այլևս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է:
Ուշադրության է արժանի նաև այն, որ օգոստոսի 15-ից մինչ այս պահը, ընդհանրապես որևէ քննչական, վարույթային գործողություն չի կատարվել, թեև ինչպես նշվել էր, ակտիվ գործողությունների խոստում էր փաստացի տրվել Դատարաններին:
Փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարվել են դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ իրազեկում կտրամադրվի:
Միաժամանակ ցանկանում ենք կրկին արձանագրել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը որևէ աղերս չունի իրավունքի և օրինականության հետ, նվազագույն օրենսդրական երաշխիքները պահպանված չեն, և դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում է, որի վերաբերյալ տվյալներն անվիճելի են: