ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ի թիվս Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների՝ հատկապես ընդգծել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ բուհերում հետազոտական բաղադրիչն ակտիվացնելու, գիտության մեջ ներգրավվելու, Մանկավարժական համալսարանում կրթական ոլորտի հետազոտությունները կրթական առօրյայի անբաժանելի մաս դարձնելու տեսանկյունից:
«Խորապես համոզված եմ, որ կրթության ավանդույթներից ու պատմությունից սովորելու շատ բան ունենք՝ հատկապես կրթության բարեփոխման համատեքստում: Ներսիսյան դպրոցը եղել է մեր կրթության առաջադիմական մտքի, ժամանակի լավագույն մանկավարժական մեթոդները կիրառող հայտնի հաստատություններից մեկը, և այս գիտաժողովը լայն հնարավորություն է՝ խոսելու այդ մասին, նաև տեսնելու կապերը ներկա իրականության և անելիքների միջև: Ապագա մանկավարժների մոտ վերլուծական և քննական հայացքների ձևավորման, մարտահրավերներին պատրաստ կրթության մասնագետներ և ուսուցիչներ պատրաստելու տեսանկյունից ևս նմանատիպ գիտաժողովները կարևոր են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա հակիրճ անդրադարձել է գրող, հրապարակախոս, մանկավարժ Ղազարող Աղայանի գործունեությանը, որն ուսանել է Ներսիսյան դպրոցում: Նախարարը խոսել է «Արարատ» ամսագրում դեռևս 1869 թվականին հրապարակած Աղայանի հոդվածաշարի մասին, որի ասելիքը, ըստ նրա, արդիական է նաև այսօր:
«Այն հարցադրումները, որ տալիս է Աղայանը, արդիական են նաև այսօր. նա փորձում էր պատասխանել այն հարցին, թե ինչ էր տալիս իր ժամանակի դպրոցը՝ դպրոցի և կյանքի միջև կապը համարելով խնդրահարույց: Ըստ Աղայանի՝ դպրոցում սովորածը հերքվում է կյանքում, և պետք է առավել ուշադիր լինել բովանդակության հարցում և վերլուծել, թե որքանով է դպրոցը երեխաներին պատրաստում կյանքին` մտավոր, ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ առումներով»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նա ընդգծել է Վրաստանի գործընկերների առանձնահատուկ հոգածությունը Ներսիսյան դպրոցի տարածքի պահպանման նկատմամբ, որտեղ այսօր էլ գործում է կրթական հաստատություն. «Այս տարի ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում հուշատախտակ բացվեց, ինչը ցույց է տալիս կապը պատմության, ժամանակների և տարածքների միջև: Վստահ եմ, որ կրթության ոլորտի այս հետազոտությունը նպաստելու է եղբայրական երկրների միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը»:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գիտաժողովի մասնակիցներին ու գործընկերներին և մաղթել բարի ընթացք:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը:
Գիտաժողովը շարունակվելու է նաև հոկտեմբերի 18-ին: Այն իրականացվում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Թբիլիսիի «Կովկաս» համալսարանի նախաձեռնությամբ։