Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խորհրդարանում ելույթ է ունեցել։
Նա մասնակցում է Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներին։
«Այո՛, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կանգնեցնելու և մեր պետականությունը վերականգնելու մասին է»,-Աժ ամբիոնից հայտարարեց Բագրատ սրբազանը։
Շարժման առաջնորդը նշեց, թե իր սկսած պայքարի արդյունքում է կանգնել իշխանության հաջորդ ծրագիրը, հետաձգվել սահմանզատման ու սահմանագծման կանոնադրությունը, որ շուտով խորհրդարանում քննարկվելու է։
«Այո՛, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպարի հատվածի հանձնման աղետը, բայց, կարծում եմ, այս ընթացքում հաջողեցինք կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացքը, որը պարունակում էր, այսպես կոչված, անկլավների հանձնում ու նոր տարածքների զիջում, և այս աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու չէ, նաև Ադրբեջանի պարտադրած սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը», — հայտարարեց Գալստանյանը։
Բագրատ սրբազանը դիմեց Փաշինյանի թիմակիցներին, թե պատասխանատվության ժամը մոտ է։
«Պատասխանատվության ժամը հասնելու է և, վստահեցնում եմ, այն հեռու չէ։
Այս կառավարության ղեկավարն ամբողջությամբ գիտակցում է՝ ինչ արագությամբ ու խորությամբ է ձախողել մեր պետականությունը, դրա հիմքերն ու ինքնիշխանությունը։ Եվա այս պատճառով քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է հանցակից դարձնել իր շուրջը գտնվող բոլորին անխտիր։ Այլապես ինչո՞ւ նոյեմբերի 9-ին խայտառակ փաստաթուղթը, դրան հաջորդած բոլոր փաստաթղթերը, ներառյալ հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթուղթը, որով հանձնվեց Արցախը, չներկայացվեցին ո՛չ Սահմանադրական դատարան, ո՛չ Ազգային ժողով, սակայն այս կանոկարագ կոչվածը, որն անգամ ինքը չի ստորագրել, անցնում է այս ընթացակարգով։ Մեկ նպատակով՝ հանցակից դարձնել բոլորին՝ ՍԴ, ԱԺ և նույնիսկ իր կուսակցությանն ու խմբակցությանը։ Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը, մեզ բոլորիս, այլև իր իսկ թիմակիցներին», — հայտարարեց սրբազանը։
Ապրիլին սահմանազատման դեմ պայքար սկսած Բագրատ սրբազանը Տավուշից, ավելի կոնկրետ Կիրանց գյուղից քայլերթով Երևան էր եկել, ինչից հետո մայիսի 9-ին մայրաքաղաքում հանրահավաք եղավ, ապա սկսվեցին բողոքի ակցիաները, ցույցերը:
Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվել էին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով: Այս պայքարի սկզբից իշխանականները պնդել են, թե վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ավելի վաղ վստահություն էին հայտնել՝ աշնանն էլ շարժումը հաջողության չի հասնի։