Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները մտել են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց եւ բերման ենթարկել աշխատակիցներից մեկին:
Նա նաեւ նշել է. «Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել։ Մի խոսքով՝ ԿԱՇՄԱՌ:
Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու։
ՀԳ. Բուն «հանցանքի» մանրամասներին տեղյակ չեմ, բայց դրանք բնավ էական չեն։ Ամեն ինչին ձև կա»։
Ավելի վաղ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը իր էջում գրել էր. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում։
Նշենք, որ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը մեղադրվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. ՔԿ