Ինչպես հայտնել ենք՝ սեպտեմբերի 28-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։
Բժշկական կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախնական ախտորոշմամբ երեխայի մոտ առկա վնասվածքների պատճառով զարգացել է պոլիօրգան անբավարարություն, առաջացել է շնչառական անբավարարություն երրորդ աստիճան, ԹԱՇ վիճակ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
«Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը կլինի փորձաքննության ավարտից հետո»,-նշեցին բուժհաստատությունից:
Հիշեցնենք՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Կոմայի մեջ հայտնված աղջնակի հարազատներն էլ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում ավտովթարի էին ենթարկվել։ Նրանք մեկնում էին աղջկան տեսակցության։
9-ամյա աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։