Փաշինյանը հավատացած է՝ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն կա

Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվելու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության, խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները:

Այս մասին Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

«Շուրջ 2 տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը տեքստի: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:

Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանձնակի կարևորություն ունեն տնտեսական բոլոր կապուղիների ապաշրջափակումը և լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր առաջնահերթություններից մեկը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցում իր պատկերացումները լավագույնս արտացոլված են ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որն առաջին անգամ միջազգային գործընկերների դատին է հանձնվել հենց Թբիլիսում տեղի ունեցած համաժողովի ընթացքում:

«Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը:

Ահա այս է պատճառը, որ չնայած բարդություններին, մեր Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031