Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը, Երևանում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն՝ իր ատարածքը, իր բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, և մենք դա անում ենք՝ ևս մեկ անգամ սուվերենության հարգանքով և առանց որևէ էսկալացիայի կամքի», — հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարարը։
Այս տարվա փետրվարին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2022 -ի սեպտեմբերյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի համար փակվում են շուկաներ, խնդիր են դրել ապահովել զենք-զինամթերքի ձեռքբերման դիվերսիֆիկացիան և ունեն էական առաջընթաց և հաջողություններ այս հարցում: Ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտեց՝ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։
Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։
Բաքուն էլ մեղադրել է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։ Փետրվարի 23-ին Հայաստանն արդեն ստացել է պաշտպանական սարքավորումների առաջին խմբաքանակը։