«Հրազդան ՋԷԿ»-ին կից տարածքի մետաղաձուլարանում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով 6 անձ, ովքեր տվյալ օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներ են, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հիշյալ անձանցից մեկը՝ Հրազդան քաղաքի 46–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է: Այս ամսին հաղորդում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վերոնշյալ 6 անձինք ճանաչվել են տուժող։ Տուժողներից երկուսը հարցաքննվել են, իսկ մյուս երեք անձանց հետ անհրաժեշտ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել՝ առողջական վիճակի պատճառով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթունատեխնոլոգիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031