Ուկրաինացիները բոյկոտ են հայտարարում Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության բենզա-գազալցակայանների ցանցը՝ ռուսական «Գազպրոմի» հետ գործընկերության ընդլայնման մասին ընկերության պայմանավորվածությունների ֆոնին: Այս մասին օգտատերերը գրում են սոցցանցի իրենց էջերում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան պետական այցից հետո SOCAR-ը և «Գազպրոմը» պայմանավորվել են ընդլայնել գործընկերությունը։ Ադրբեջանական SOCAR պետական ընկերության ներկայացուցչությունը Ուկրաինայում բացվել է 2008 թվականին և ունի 57 լցակայան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսական «Գազպրոմ» և ադրբեջանական SOCAR ընկերությունները պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական գործընկերությունը տարբեր ոլորտներում, հայտնում է «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունը։ «Գազպրոմ» ՓԲԸ-ի կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմի» և SOCAR-ի փոխշահավետ գործընկերությունը դինամիկ զարգանում է։
«Խոսքը, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» նախագծի և այս տարվա սեպտեմբերին համապարփակ գիտատեխնիկական համագործակցության ծրագրի ստորագրման մասին է»,- Բաքվում հայտարարել է Միլլերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով գտնվում էր Ադրբեջանում։