Մոսկվան պատրաստ է մասնակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկրների միջև սահմանի սահմանազատմանը։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում։

«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, գործը հասցնենք սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես բազմիցս խոսել ենք ձեզ հետ, ապաշրջափակենք համապատասխան ուղղությունները լոգիստիկայի և տնտեսության ոլորտում, մենք շատ ուրախ կլինենք դրա համար», — ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն այն մասով, որը պահանջված կլինի երկու երկրների կողմից։ 

«Մենք երեկ անդրադարձանք այս թեմային, այսօր կշարունակենք։ Դա վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը։ Պարզ է, և բոլորը լավ գիտեն, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի հետ, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում իրադրության մեջ վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտությունը, իհարկե, այն մասով, որով դա պահանջված է կողմերի կողմից, դա առանց կասկածի», — ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ալիևի հետ հանդիպումից հետո կկապվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելու բանակցությունների արդյունքների մասին։

Վլադիմիր Պուտինը պետական այցով Բաքվում է գտնվում օգոստոսի 18-ից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30