Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցը և X սոցցանցում դրա հետագա քննարկումները մոտ մեկ միլիարդ դիտում են հավաքել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Մասկն, իր աջակցությունն է հայտնել Թրամփին՝ նրա նկատմամբ մահափորձից անմիջապես հետո։ Մասկը, սակայն, 2020 թվականին սատարել է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին։
«Ռոյթերզ»-ը գրում է, որ 2 ժամ տևած հարցազրույցի ընթացքում Մասկը թույլ է տվել Թրամփին զրույցը տանել իր նախընտրած ուղղությամբ և չի վիճարկել Թրամփի ոչ ճշգրիտ հայտարարությունները։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն մի քանի անգամ վիրավորել է իր մրցակից, դեմոկրատ Քամալա Հարիսին՝ նրան անվանելով «երրորդ կարգի», «ոչ կոմպետենտ» և «արմատական ձախ խելագար»։
Բայցևայնպես մի քանի գեղեցիկ բառ օգտագործել է՝ նրա արտաքինի մասին խոսելիս։ «Ամենագեղեցիկ դերասանուհու տեսքն ունի»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Time ամսագրի շապիկին Հարիսի նկարը։
«Դա պատկեր էր, և իրականում նա շատ նման է հիանալի առաջին տիկնոջ՝ Մելանյային», — ավելացրել է նա՝ նկատի ունենալով իր կնոջը՝ Մելանյա Թրամփին։
Հարցազրույցից հետո Հարիսի քարոզարշավի խոսնակ Ջոզեֆ Կոստելլոն ասել է, որ Թրամփի ամբողջ քարոզարշավը ծառայում է այնպիսի մարդկանց, ինչպիսին Իլոն Մասկն է։
|Ինքնամփոփ հարուստ տղաներ, ովքեր կծախեն միջին խավին և ովքեր այդպես էլ չկարողացան ուղիղ եթեր վարել»,- ասել է Կոստելլոն։
Իլոն Մակսի հետ զրույցի ընթացում հանրապետականի նախագահի թեկնածուն գովաբանել է նաև Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի առաջնորդներին։
Նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ՝ վերլուծաբանները կարծիք էին հայտնում, որ Թրամփի այս հարցազրույցը կարող է նոր լսարան ձեռք բերելու և քարոզարշավին նոր թափ հաղորդելու հնարավորություն լինի։
«Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի և այլ օգտահաշիվների կողմից դրա հետագա քննարկումների համակցված դիտումներն այժմ մոտ 1 միլիարդ են», — գրել է Մասկը:
Ավելի վաղ Մասկը X սոցցանցի «Spaces» հարթակում հարցազրույց էր անցկացրել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, իսկ հուլիսին գործարարը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով նախագահական մրցավազքում Թրամփին աջակցելու մասին։