Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր ԶԼՄ-ների համար․ IPI

Մամուլի միջազգային ինստիտուտը խիստ անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ոստիկանական ուժերի գործողությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 10 հայ լրագրող։

«Հայաստանի իշխանություններին հրատապ կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնագետների համար»,- գրում է ipi.media-ն:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով որպես «ուժի չափազանց կիրառում» և պատասխանատվություն պահանջելով նրանց համար, ովքեր անխտիր թիրախավորել են հավատարմագրված լրագրողներին կամ վնասել սարքավորումները:

«Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից, իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի մեծ ուժի կիրառում կամ բռնություն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի», — ասել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը:

Աղբյուրը նշում է, որ դեպի ժողովրդավարություն Հայաստանի ճանապարհը խորդուբորդ է եղել, սակայն վերջին տարիներին երկրում մամուլի ազատության վիճակը զգալիորեն բարելավվել է։

«Լրատվամիջոցների կանոնակարգերի բարեփոխումները և ծանր վիրավորանքների ապաքրեականացումը դրական քայլերից են։ Այնուամենայնիվ, մեդիա դաշտը մնում է խիստ բևեռացված, և տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է», — եզրափակել է ipi.media-ն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30