Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր համախոհներին առաջարկեց առավոտյան հավաքվել Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սարդարապատի հուշահամալիրից վերադառնալուց հետո Երևանի Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում իր համախոհներին շնորհավորեց Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք իր բաժնով մեծ ներդրում ունի շարժման մեջ։

Արքեպիսկոպոսն իր ելույթում նշեց, որ փորձում է յուրաքանչյուրին տեսնել, լսել, զգալ և յուրաքանչյուրից ներշնչվել՝ շարժումը դարձնելով հավաքական նկարագրով երևույթ։

«Որքան էլ մենք առանձին ենք բնույթով, նկարագրով ու էությամբ, այդուհանդերձ ամբողջ շարժման առանցքը կազմում է հավաքական նկարագիրը, մեր հավաքական վարքագիծը։ Ուրախ եմ, որ դուք հենց այդ մտքով ու շնչով եք ներգրավվել պատասխանատու մասնակցությամբ»,- ասաց նա։

Շարժման մասնակիցներն ու համախոհները մայիսի 29-ի առավոտյան՝ ժամը 8-ին, պետք է հավաքվեն Սբ. Աննա եկեղեցու բակում, որպեսզի «հետագա գործողություններն իրականացնեն միասնաբար»։

«Մեր որոշակի հաջողությունների գաղտնիքն այն է, որ ոչ մի բան չգիտենք, և շատ լավ է, որ չգիտենք։ Հենց իմանում ես, սկսում ես վախենալ, իսկ եթե չգիտես, չես վախենում։ Վաղն առավոտյան միասին անելիք ունենք»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկաներին առաջարկելով իր հետ հանդիպումից հետո նստել մեքենաների ղեկին և ազդանշաններ տալ՝ որպես անհամաձայնություն ոստիկանների դրսևորած վարքագծին։

«Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդը ներկաների հետ շնորհավորեց շարժման մասնակիցներին, ովքեր ծնվել են հատկապես մայիսին։

«Մենք ամեն տարի մայիսի 28-ին գտնվել ենք Խորանաշատի վանքում, որը ամենասահմանայինն է, և որից թշնամու դիրքերը հեռու են 150 մետր։ Հուսամ՝ այս ամենից հետո միասին կգնանք ուխտագնացության։ Խորանաշատի վանքը գտնվում է Չինարի գյուղի բարձունքի վրա։ Հանրապետության տոնին պետք է գտնվենք սահմանագլխին՝ այդ կերպ ուղերձ հղելով աշխարհին ու նրանց, ովքեր նայում են մեր կյանքին։ Նախորդ յոթ տարիների կտրվածքով առաջին անգամ է, որ չեմ գտնվում Խորանաշատում իմ հոգևոր եղբայրների ու բոլորի հետ, ինչն անսովոր վիճակ է ինձ համար։ Աստված օրհնի մեր ժողովրդին և այդ օրհնությունն անպակաս լինի ամեն ժամ և հավիտենապես։ Պինդ բռնեք այդ օրհնությունը և բաց չթողնեք»,- հորդորեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031