Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ և դրանից հետո. ՆԳՆ-ն հրապարակել է վարքականոններ

Հայաստանի Հանրապետություն Ներքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով երկրի հյուսիս-արևելքում զանգվածային հեղեղումները, հրապարակել է վարքականոններ՝ ջրհեղեղի դեպքում:

Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ։

Ջրհեղեղները կարող են առաջանալ.

– երկարատև առատ տեղումներից,
– սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից,
– ջրամբարների փլուզումներից,
– հիդրոկայանների պատնեշների ճեղքումից,
– ծովային փոթորիկներից,
– ցունամիներից,
– երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը

– Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց:
– Պատրաստեք ավազով լցված պարկեր:
– Մաքրեք կոյուղին:
– Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
– Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
– Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ:
– Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն և այլն):
– Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
– Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
– Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
– Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
– Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
– Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
– Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
– Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ

– Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
– Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
– Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
– Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
– Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
– Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո

Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը․
– հիմքի ամբողջությունը,
– պատերի, պատուհանների և հատակի վիճակը,
– հաղորդակցության համակարգը,
– թունավոր օձերի հնարավոր առկայությունը,
– ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով,
– խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո,
– մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը,
– նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը,
– հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին,
– վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում,
– առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031