Skip to main content

Վարդապետյանը Դուբայի գլխավոր դատախազի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում 2026 թվականի նոյեմբերի 14-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի գլխավոր դատախազ Մոհամմեդ Հասան Աբդուլռահիմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի դատախազությունների միջև ձևավորված համագործակցության ընթացքը, քրեական գործերով միջազգային իրավական օգնության, հանձնման հարցերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Աննա Վարդապետյանը կարևորել է երկու երկրների իրավասու մարմինների միջև տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2002 թվականին՝ ստեղծելով հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, սառեցման և բռնագանձման ուղղություններով համագործակցության իրավական հիմք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային իրավական օգնության հարցումների կատարման ընթացքում ի հայտ եկող գործնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, անդրադարձ է կատարվել փողերի լվացման, կոռուպցիայի և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 62-րդ նիստի ընթացքում միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30