Մտեք Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցեք ընտրություններին․ Վարդանյանը՝ Գալստանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանն այսօր Ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ վերջին օրերին Երևանում տեղի ունեցող հավաքներին, որոնք, ըստ նրա, գլխավորում են եկեղեցու որոշ սպասավորներ։

Վերջինս նշեց, որ իրեն անհանգստացնում է այն, երբ երիտասարդները եկեղեցին կապում են նախկին որոշ ուժերի հետ և հետևություններ անելով հրաժարվում են եկեղեցուց։

«Սիրելի՛ ժողովուրդ, իմ շատ սիրելի երիտասարդներ, նրանք բոլորը եկեղեցու պաշտոնյաներ են, այլ ոչ թե եկեղեցին կամ կրոնը։ Եթե դուք չեք ընդունում ՀՀ որևէ պաշտոնյայի, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք պետությունից։ Նույնն էլ եկեղեցու հարցում է։ Եկեղեցին բոլորինս է, այլ ոչ թե որոշ սպասավորների մենաշնորհը»,- ասաց նա։

Այնուհետև Վարդանյանը մեջբերեց Վազգեն Գալստանյանի հետևյալ հայտարարությունը․

«Ուղիղ մեջբերում եմ․ «Երկքաղաքացի եմ, ես Կանադայի ու Հայաստանի, շատ պարզ։ Էնքան գնահատել են ինձ, որ ուղղակի քաղաքացիություն են տվել Կանադայի։ Հիմա ի՞նչ, սրանք կտա՞ն։ Ես երբեք չեմ ուզել, իրանք տվել են որպես Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ, անմիջապես արձագանքել են՝ Բագրատ Սրբազանը իրավունք չունի, երկքաղաքացի է։ Ուռա, ի՞նչ եք խառնվել իրար այ մարդու որդիներ։ Տավուշի թեմի առաջնորդն է ավելի բարձր քան ձեր վարչապետի աթոռը։ Հիմա որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ, երբ երկքաղաքացին էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է»։

Ես չեմ ուզում շարունակել մեջբերել նրա խոսքը․ Հարց՝ արդյո՞ք սա եկեղեցու սպասավորի կամ ծառայողի խոսույթ է, արդյո՞ք սա քրիստոնյա մարդու կամ քրիստոնեական արժեքներ կրող մարդու խոսույթ է, չգիտեմ, թողնում եմ Աստծու դատողությանը, սակայն նման պահվածքով և ձեր կապերով շատ ավելի ազնիվ կլիներ օգտվել ձեր Սահմանադրական իրավունքից․ մտեք Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցեք ընտրություններին»։

Նա հիշեցրեց՝ չի լինում նոր կամ հին Հայաստան, չի լինում հոգևոր կամ ոչ հոգևոր։ Հայաստանը մեկն է՝ քրիստոնյա, անկախ ինքնիշխան պետություն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30