Ալեն Սիմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քննարկել են Կովկասի անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը ՀՀ-ում խորհրդարանական ժողովրդավարության կայացման գործում շարունակական ջանքերի եւ Մեծ Բրիտանիայի Թագավորության Միջազգային զարգացման գործակալությանն առաջին ծրագրի ընթացքում ցուցաբերած աջակցության համար, ողջունել Նորվեգիայի Հանրապետության կառավարության հետ սկսվող համագործակցությունը:

«Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն, եւ այս ճանապարհին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել ու ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործունեությունը: Ծրագրի դրական արդյունքները նկատելի են թե՛ Ազգային ժողովի աշխատանքում, թե՛ քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններում»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցությունը տարբեր ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու հարցում հատկանշական է մեզ համար: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության աշխատանքը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման հարցում»,- նշել է Իվանա Ժիվկովիչը:

Անդրադառնալով «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին` ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը գոհունակությամբ փաստել է առաջին ծրագրի հաջող իրականացման մասին` շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին ծրագրի իրականացմանն անվերապահ աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը` կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերը տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031