Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, լրագրողները ենթարկվում են բռնության. «Լրագրողներ առանց սահմանների»

Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, հրապարակել է մամուլի ազատության ամենամյա համաշխարհային վարկանիշային աղյուսակը։

Ինչպես նշում է կազմակերպությունը, ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է արագորեն վատթարանալ. լրագրողների վրա հարձակումների թիվն աճում է, ինչպես նաև ավելանում է այն երկրների թիվը, որտեղ լրատվամիջոցների աշխատողների աշխատանքային պայմանները բնութագրվում են որպես «աղետալի»:

Ինչպես երևում է կազմակերպության ամենամյա վարկանիշից, անցյալ տարի աշխարհի 36 պետություն հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ անկախ լրագրությունը գործնականում անհնար է։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։

Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված է 180 երկիր, որոնց շարքում Հայաստանը 71.6 միավորով 43-րդն է: Մեր երկիրը, նախորդ տարվա համեմատ, գրանցել է դիրքի բարելավում՝ 49-րդ հորիզոնականից բարձրանալով 43-րդը:

Վարկանիշի հեղինակները նշում են, որ «չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։

Հեղինակաները նշում են, որ «Հայաստանում լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ կապված են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, բացի այդ, միայն մի քանի լրատվամիջոց է անկախություն ցուցաբերում»:

«Հայկական մեդիա դաշտում հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը։

Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և թիրախավորում լրագրողներին։ Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության հետ կապված խնդիրները:

Պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն):

Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցում է ազդեցիկ հասարակական գործիչների: Մինչդեռ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։

Լրագրությունը, որպես մասնագիտություն, անարգված է և ենթակա է հատկապես անհանգստացնող ատելության խոսքի: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որը լրագրողներին մեղադրում է «կոռուպցիայի» և հակառակորդների ծառայության համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նրանք մշտապես ենթարկվում են վիրավորանքի, հարձակման, ինչպես նաև զրպարտության վերաբերյալ վարույթների, ինչը ամրապնդում է ինքնագրաքննությունը:

Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը. ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում», — նշված է զեկույցում։

Ինչ վերաբերում է վարկանիշի առաջատարներին՝ այն երկրներին, որտեղ իրավիճակը առավել բարենպաստ է լրատվամիջոցների համար, ապա փոփոխություններ չկան։ Նորվեգիան ութ տարի անընդմեջ առաջին տեղում է, որին հաջորդում են սկանդինավյան բոլոր երկրները՝ Դանիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ Վարկանիշի վերջին տեղում են Սիրիան, Էրիթրեան և Աֆղանստանը, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում երեք լրագրող է սպանվել, իսկ առնվազն 25-ը բանտարկվել է։ Նախկին Խորհրդային Միության երկրներում նույնպես բացասական միտում է նկատվում: Հարևան Վրաստանը 103-րդն է: Թուրքիան 158-րդն է ՌԴ-ն ՝ 162-րդը, Ադրբեջանը 164-րդը, Իրանը՝ 176-րդը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031